Զենքի հետ կապված միջադեպը խնդրահարույց իրավիճակ է Ծառուկյանի համար, քանի որ թեկնածուն պետք է սիրի ընտրողին կամ, ծայրահեղ դեպքում, ցույց տա, որ սիրում է, այլ ոչ թե` վախենում: Այդ մասին ապրիլի 20-ին Երեւանում կայացած  մամուլի ասուլիսում հայտարարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) ղեկավար  Վալերի Ֆյոդորովը, պատասխանելով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի զենքի հետ կապված միջադեպը ինչպես կանդրադառնա կուսակցության վարկանիշի վրա:

Միաժամանակ Ֆյոդորովը նշել է, որ Հայաստանում սոցհարցում անցկացվել է Գագիկ Ծառուկյանի զենքի հետ կապված միջադեպից առաջ, հետեւաբար այն ոչ մի կերպ չի արտացոլվել:  «Այնպես որ, կարող եմ ենթադրել, որ, առաջին հերթին, ընտրողների հետ հանդիպման ընթացքում զենքի առկայությունը ինքնին բավական խնդրահարույց իրավիճակ է թեկնածուի համար, քանի որ թեկնածուն պետք է սիրի ընտրողին կամ, ծայրահեղ դեպքում, ցույց տա, որ սիրում է, այլ ոչ թե վախենում: Կարծում եմ, որ  սա խնդրահարույց իրավիճակ է Ծառուկյանի համարа», -նշել է Ֆյոդորովը:

Ըստ նրա` տեղի ունեցածը նախատեսված չի եղել Ծառուկյանի շտաբի կողմից, ակնհայտ է, որ ոչ ոք չէր ծրագրել, որ այդ ոսկե ատրճանակը կնկարահանվեր: Եւ արդյունքում, շտաբը դրան պատրաստ չի եղել: «Ահա դա դասական խնդիր է, որում հայտնվում են  շատ թեկնածուներ շատ երկրներում: Նրանք պատրաստ չեն  անակնկալների: Նրանք չգիտեն` ինչ անել, սկզբում մի բան են ասում, որպես կանոն, ամեն ինչ հերքում են, հետո` մեկ այլ բան, խոստովանում են, ասում, այո, բայց… Հետո ասում են երրորդը, չորրորդը: Արդյունքում մեկ բացասական դեպքը գնալով աճում է, եւ թեկնածուն անձամբ իր համար ամեն ինչ ավելի վատ է դարձնում: Սակայն դա Ծառուկյանի անձնական խնդիրը չէ, խնդիրն այն է, որ այնտեղ, հավանաբար,  նախընտրական գրսենյակում ճգնաժամային մենեջեր չկա»:

Ֆյոդորովը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում ուղղակի պատրաստ չէին  նման դեպքերի, եւ դա շատ վտանգավոր է, քանի որ մնացել են նախընտրական  վերջին երկու շաբաթները, եւ նրանք գտնվում են Հայաստանի բնակիչների տեսադաշտում:  «Թե այդ դեպքն ինչքան ձայներ կխլի Ծառուկյանից, ես չգիտեմ, եւ նման կանխատեսում ես չեմ անի:

Սակայն դա կարող է նրա վրա անդրադառնալ միայն բացասական, քանի որ նրանք ճշմարտանման բացատրություն չեն տվել, որն, ընդ որում, Ծառուկյանին ճիշտ կերպով կներկայացներ: Այդ պատճառով էլ այժմ նա պետք է իր վարկանիշով զբաղվի»: