Մոտ մեկ ժամ է, ինչ Վանաձորի Հայքի հրապարակում վանաձորցի Սամվել Աբգարյանն իր դիակ տեղափոխող մեքենայով («կատաֆալկա») կանգնել է հրապարակում եւ սպառնում է ինքնահրկիզվել:
Նրա մեքենայի վրա փակցված է ցուցապաստառ` հացադուլ հանուն արդարության. «Պահանջում եմ Վլադիմիր Գասպարյանին եւ Վիկտոր Դալլաքյանին. մինչեւ ժամը 18:00-ն ինձ չլսելու դեպքում ինձ մասսայական վառում եմ», այս մասին հայտնում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը:
Սամվել Աբգարյանը իր կողքի նստատեղին ունի նաեւ բենզինով լցված շշեր եւ ալկոհոլ, որով էլ պատրաստվում է հրկիզվել, եթե իր պահանջները չկատարվեն:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Սամվել Աբգարյանը պատմեց, որ իր այս քայլը կապված է Կոնվերս Բանկի Վանաձորի մասնաճյուղի ոսկերիչի հետ, ով, ըստ նրա, իրեն բավականին գումար է պարտք, սակայն հրաժարվում է հետ վերադարձնել: Ի դեպ, այս պարագայում բանկը կապ չունի, քանի որ իր նշած գործարքները կատարվել են առանց պայմանագրի` ոսկերիչի հետ, եւ այստեղ միայն ոսկերիչի խնդիրն է: «Ո՞նց կարելի ա վերցնել գումարը ու ասել տալու բան չունեմ, որտեղ ուզում ես գնա բողոքի, ԿԳԲ-ում քեզ կկորցնեն, ու մենակ ես չեմ իրա զոհերից»,-ասաց նա:
«Իմ վստահությունը չարաշահելով, Դավիթ Գրիգորյանը գումար է վերցրել, մենք իրար բավականին ժամանակ է ճանաչում ենք, էսօր էլ 18 հազար դոլար գումարս վերցրել չի տալիս»,-պատմեց նա:
Ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացին պահանջում է Վիկտոր Դալլաքյանին եւս, որպեսզի վերջինս թույլ չտա, որ իրեն նեղացնեն:
Ի դեպ, Սամվել Աբգարյանը դժգոհ է նաեւ ոստիկանության պահվածքից. «Ոստիկանությունը կողքներս կանգնած ա, բայց չեն գալիս հարցնեն, թե ինչ եմ ուզում անեմ»: Կարճ ժամանակ անց արդեն ժամանեցին ոստիկանության Վանաձորի բաժնի մի խումբ իրավապահներ` անձամբ ոստիկանապետի ուղեկցությամբ, ովքեր զրուցեցին Սամվել Աբգարյանի հետ եւ միասին գնացին ոստիկանության Վանաձորի բաժին:
Իր հերթին ոսկերիչ Դավիթ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանության Վանաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ամեն ինչ կպարզի ոստիկանությունը, իսկ ինքն ասելու բան չունի: «Միայն կասեմ, որ Սամվել Աբգարյանը սուտ է ասում»:
Հ.Գ. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Աբգարյանն արդեն հեռացել է հրապարակից:
Լուսանկարներն` Էդվարդ Արզումանյանի











