Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի բոլոր երազանքները կապված են իր երեխաների եւ թոռների հետ։ Այս մասին Ազնավուրը խոստովանել է ամերիկյան ARTN-SHANT հեռուստաալիքի Corner հաղորդման ժամանակ՝ նշելով, որ շուտով պատրաստվում է թոռնուհուն ամուսնության տալ, եւ հույս ունի, որ որոշ ժամանակ անց կտեսնի ծոռնիկին։

Իր ընտանիքի մասին խոսելիս նա նշել է, որ կարեւոր է համարում, որ ընտանիքը շատ բազմազան է։  «Դա շատ կարեւոր է, եւ ես հույս ունեմ, որ աշխարհում էլ մի օր այդպես կլինի: Իմ ընտանիքում կան հրեաներ, մահմեդականներ, բողոքականներ, առաքելականներ, կաթոլիկներ եւ այդ ամենը շատ լավ «աշխատում է»,- ասել է Ազնավուրը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ այդ մոդելը հրաշալի աշխատում է Շառլ Ազնավուրի ընտանիքում, բայց չի աշխատում այլ վայրերում, նա պատասխանել է. «Որովհետեւ մենք ռասիստ ու քսենոֆոբ չենք։ Որովհետեւ մենք սիրում ենք մյուսներին, եւ դա է ամենակարեւորը»։

Շանսոնյեն բացահայտել է նաեւ 87 տարեկան հասակում առույգ եւ լավատես լինելու իր գաղտնիքը։ «Ես սիրում եմ կյանքը։ Դա ամենակարեւորն է։ Կյանքը կարեւոր է։ Մի վատնեք այն, այլ ապրեք նրանով»,- խորհորդ է տվել Ազնավուրը։