Հաջողության գլխավոր գրավականը սեփական գործի խորքային ըմբռնումն ու քրտնաջան աշխատանքն են, իսկ կայացման սկզբնական փուլերում դա նշանակում է «աշխատանք օրը 24 ժամ»։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մայիսի 1-ի առթիվ շնորհավորելով Հայաստանի քաղաքացիներին։

Կարապետյանը նշել է, որ իր աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել մանկության տարիները։ Մայիսմեկյան տոները, դպրոցական շքերթներն ու գերազանցիկների ուղևորությունները Տաշիր նրա մեջ ձևավորել են կոլեկտիվ պատասխանատվության զգացում և ձեռքբերումների ձգտում։ «Դա ուրախություն էր բոլորի համար», - նշել է նա։

Նրա կյանքի առանցքային փուլերից մեկը 1990-ականներն էին։ Այդ ժամանակաշրջանում Կարապետյանն աշխատում էր Կալուգայում, որտեղ, նրա խոսքով, «բառի բուն իմաստով կանգնած էր գոյատևման հարցը»։ Չնայած բարդ պայմաններին՝ նրան հաջողվել է ոչ միայն բիզնես հիմնել, այլև դնել հետագա զարգացման հիմքերը։ «Մենք արժանապատվորեն հաղթահարեցինք այդ շրջանը, անուն ստեղծեցինք մեզ համար, և դրանից հետո ամեն ինչ մի փոքր ավելի հեշտ դարձավ», - ասել է նա։

Գործարարն առանձնահատուկ նշանակություն է տալիս իր ընկերության «Տաշիր» անվանը։ Գաղափարը ծնվել է դեռ ուսանողական տարիներին, երբ նա բախվել է այն հանգամանքի հետ, որ քչերը գիտեին իր հայրենի տարածաշրջանի մասին։ «Ես ասում էի, թե որտեղից եմ, և 90 տոկոսը չէր հասկանում, թե դա որտեղ է։ Անկեղծ ասած՝ դա ինձ ցավ էր պատճառում», - հիշում է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակ էլ նա իր առջև նպատակ դրեց Տաշիրը ճանաչելի դարձնել՝ նրա անունը վերածելով բրենդի։ «Այսօր աշխարհում շատերը գիտեն, թե ինչ է նշանակում Տաշիրը, որտեղ է այն գտնվում և նույնիսկ ինչ տեսք ունի», - հայտնել է Կարապետյանը։

Կարապետյանի առաջին աշխատանքային փորձը ևս կապված է եղել ծանր ֆիզիկական աշխատանքի հետ։ Ուսանող եղած ժամանակ նա եղբոր հետ ամեն ամառ մեկնում էր արտագնա աշխատանքի, որտեղ զբաղվում էր ասֆալտ փռելով։ «Դա շատ ծանր աշխատանք էր․ մենք ասֆալտը փռում էինք ձեռքով։ Այն, ինչ հիմա անում է տեխնիկան, այն ժամանակ անում էինք մեր ձեռքերով», - պատմել է նա։ Վաստակած գումարի մի մասը նա տալիս էր ծնողներին, իսկ մնացածն օգտագործում էր ուսման տարիներին ապրելու համար։

Այսօր Կարապետյանն ընդգծում է, որ հենց այդ ճանապարհն է՝ ծանր աշխատանքից մինչև միջազգային բրենդի ստեղծումը, դարձել իր մասնագիտական և կյանքի փորձի հիմքը։