«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում աջակցել անապահով ընտանիքներին։ Այս մասին մայիսի 1-ին Արտաշատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ մամուլի ասուլիսն անցկացվում էր «Անիտեքս»-ում, որի արտադրանքը, Կարապետյանի խոսքով, 50-60 տոկոսով փոխարինել է Թուրքիայից ներմուծվող արտադրանքը՝ միաժամանակ աշխատանքով ապահովելով քաղաքացիներին։

Կարապետյանի խոսքով՝ սոցիալական ծրագրի շրջանակում «Ուժեղ Հայաստանը» պետության և աշխարհի տարբեր երկրների գործընկերների մասնակցությամբ կստեղծի աղքատության հաղթահարման հիմնադրամ։ Նախատեսվում է 5 հոգուց բաղկացած անապահով ընտանիքներին տրամադրել 150 հազար դրամի նպաստ։

Պատասխանելով այն հարցին, թե ում է պատկանում այն գործարանը, որտեղ անցկացվում է մամուլի ասուլիսը, Կարապետյանը հաստատել է «Տաշիր գրուպ»-ի մասնակցությունը, իսկ Կիպրոսում գրանցված լինելը բացատրել է ներդրողների պաշտպանության անհրաժեշտությամբ, որպեսզի մի օր այնպես չստացվի, որ ինչ-որ մեկը որոշի նրանցից խլել սեփականությունը (Կարապետյանը ակնարկում է ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը)։

Իշխանությունների այն հավաստիացումներին, թե համեմատաբար կարճ ժամանակահատվածում 300 հազար աշխատատեղ ստեղծելն անիրատեսական է, Կարապետյանը հակադարձել է, որ իշխանություններն իրենք են հայտարարում 280 հազար աշխատատեղ ստեղծելու մասին։ Այսպիսով, իշխանությունները հակասում են իրենք իրենց, նկատել է քաղաքական գործիչը։

Խոսելով ընտրությունների արդյունքների կեղծման հնարավորության մասին՝ Կարապետյանը նշել է, որ նման տարբերակը իրեն քիչ հավանական է թվում։ Կարևոր է յուրաքանչյուր ձայնը, և յուրաքանչյուր ոք, ով ընտրությունների օրը տանը չի մնա, ներդրում կկատարի իր երեխաների ապագայի մեջ, հիշեցրել է Կարապետյանը՝ հավելելով, որ ժողովուրդը կասի իր խոսքը, իսկ կուսակցության աջակիցները կհետևեն, որպեսզի խախտումներ չլինեն։ «Հայաքվե»-ի հետ համագործակցության վերաբերյալ Կարապետյանն ընդգծել է, որ այնտեղ շատ պրոֆեսիոնալներ կան, և կարևոր է օգտագործել այդ ներուժը։ «Մենք կօգտագործենք այդպիսի ներուժը, որտեղ էլ որ այն լինի։ Մեր նպատակը պրոֆեսիոնալների պետական համակարգ ստեղծելն է», - նշել է նա։ Կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ հարցումների մասին Կարապետյանը կասկած է հայտնել դրանց մեծ մասի արժանահավատության վերաբերյալ, քանի որ ընդդիմության զանգվածային ձերբակալությունների պայմաններում քչերը կհամարձակվեն հեռախոսով կարծիք հայտնել։ Ընտրողների լավ մասնակցության դեպքում արդյունքն այլ կլինի, կարծում է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողը տեսնում են նաև Եվրոպայում՝ կանանց, հոգևորականների ձերբակալությունները, ինչը բնավ չի մոտեցնում եվրոպական արժեքներին։ «Մեր գործընկերներն ասում են, որ նման խայտառակ նախընտրական գործընթաց չեն տեսել եվրոպական ոչ մի երկրում։ Հայաստանի ղեկավարները գեղեցիկ են խոսում, բայց այլանդակ են վարվում», - նկատել է Կարապետյանը։