Եվրոպայի համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու ազատությունը։ Այս մասին Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նախօրեին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը Կոշտան որակել է պատմական։ Նրա խոսքով՝ այսօր տեղի է ունենում երկրորդ պատմական իրադարձությունը։ Սա հստակ ազդակ է այն մասին, թե ինչպես է Եվրոպական միությունը ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, նշել է Կոշտան։

Ըստ նրա՝ Հայաստանը թևակոխել է ժողովրդավարության և խաղաղության նոր փուլ, ինչը բարենպաստ միջավայր է ստեղծում զարգացման, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար։ Կոշտան փաստել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված Հայաստան-ԵՄ նոր օրակարգի մեկնարկից ի վեր կապերն է՛լ ավելի են ամրապնդվել։ Եվրոպական խորհրդի նախագահը նշել է նաև, որ կողմերը սերտորեն համագործակցում են անվտանգության ոլորտում՝ օգտագործելով հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական գործիքակազմը։ Նա հավելել է, որ նույն նպատակին է ծառայում նաև ժողովրդավարական դիմակայությանն ուղղված ԵՄ առաքելությունը։

«Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի՝ սեփական ուղին ընտրելու ազատությունը։ Դուք կարող եք վստահել մեզ. մենք պատրաստ ենք ձեռք ձեռքի տված անցնել այս ճանապարհն ու կերտել մեր ընդհանուր ապագան»,- հայտարարել է Կոշտան։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանն առանցքային նշանակություն ունի Եվրոպայից դեպի Կասպից ծով և Միջին Ասիա տանող ճանապարհի համար։