Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները Բաղրամյան 26–ի դիմացի տեղի ունեցող բողոքի ակցիայի վայրից քաշքշելով հեռացրին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Նա դիմելով լրագրողներին՝ ասաց. «Բոլորը, կարծում եմ, այս կադրերը ֆիքսեցին, թե ինչպես է մեր հարգարժան ոստիկանությունը ստիպված կատարում Նիկոլ Փաշինյանի խայտառակ ապազգային ռեժիմի հրահանգները և խոչընդոտում դեմոկրատական իրավունքների իրագործմանը՝ լուռ ակցիային։ Որովհետև այս կոչերը ավելի վտանգավոր են իրենց համար, քան գուցե 1000 հոգի այստեղ հավաքված լիներ, որովհետև այս լռությունը, որով մենք բարձրացրեցինք այս պաստառները, ավելի խոսուն է, քան հազարումի ճառ, որ կարող է ասվել այս կապակցությամբ։
Եվրոպական Միության դեսպանությունը, ԵՄ կառույցները, դեմոկրատիայի օրրան համարվող արևմուտքը, կարծում եմ, բարձր կգնահատի Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ջանքերը առ այն, թե ինչպես է նա ապահովում ժողովրդավարությանը նվիրված գագաթաժողովի անցկացումը Հայաստանում։
Դրանից ավելի խոսուն կադր, թե ինչպիսին է ժողովրդավարությունը Հայաստանում, երբ որ մարդիկ բարձրաձայնում են իրենց հայրենակիցների և եվրոպական լռության ու ցինիկության մասին իրենց դժգոհությունը և ոստիկանությունը կատարելով քաղաքական հրահանգ, խանգարում է և խոչընդոտում է մեր գործողություններին»։
Անդրադառնալով ակցիայի բովանդակությանը, Աշոտյանն ասաց. «Ակցիայի իմաստը շատ պարզ է. Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին, չի ներկայացնում մի մարդ, ով այդ ժողովրդի բոլոր շահերը հետևողականորեն մսխում է և վաճառում են։
Միակ ուղերձը, որ կարող է Եվրոպան, քաղաքակիրթ աշխարհը, ոչ այդքան քաղաքակիրթ աշխարհը վերցնել հայ ժողովրդի նորագույն պատմության այս հատվածից, այն է, որ դավաճան ղեկավարը չարիք է պետության համար։ Ավտորիտար ղեկավարներ տարբեր տեղեր կան, հա։ Նիկոլը միակ ավտորիտար ղեկավարն է, որ երկրի ներսում ավտորիտար է, երկրից դուրս փիսիկ է։ Բոլոր մնացած ավտորիտար ղեկավարները փորձում են ուժեղ տղա խաղալ նաև դրսում։ Նիկոլը միակն է, որ ավտորիտար է միայն Հայաստանի ներսում, որովհետև այդ ռեժիմը օկուպացիոն է։
Եթե նա լիներ նաև ավտորիտար այդպես դուխով ուժեղ, տարբեր տղերքի հրահանգ տար հայկական շահը պաշտպանելու համար, սահմանում, Արցախում, դեսպանատներում և այլն, կասենք՝ լավ ջանդամ, մեզ մի քիչ ճնշում է, մեզ բանտեր է գցում, բայց տեսեք ազգի համար լավ գործ է անում, պետական շահ է պաշտպանում, Արցախ է պաշտպանում, Սյունիք է պաշտպանում, հայ եկեղեցուն տեղ է տալիս, կասենք՝ լավ ոչինչ, մի քիչ էլ կճնշվենք, զաթո այդ մարդը դրսում տղա է։ Բայց թարսի պես ինքը տղա է խաղում միայն ներսում, այն էլ ուրիշ տղերքի ուժի շնորհիվ և մանդատի շնորհիվ, իսկ դրսում բացառապես գեոպոլիտիկ հարճ ա»։











