ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով այսօր՝ մայիսի 5–ին, ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր։

Մասնավորապես՝ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթուղթը ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։ Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։

Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։

Փաստաթղթերը ստորագրվել են Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի ներկայությամբ: