Հայաստանն ու ԵՄ-ն ունեն շատ լուրջ համատեղ էներգետիկ նախագծեր։ Այս մասին Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում ԵՄ ղեկավարության հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ արդեն մի քանի անգամ փաստել է իրադարձության պատմական բնույթը, որը վեր է հանել հարաբերությունների և իրողությունների նոր շերտեր։ Նրա խոսքով՝ գոյություն է ունեցել պատմական ընկալում, թե Հայաստանի Հանրապետությունը գտնվում է վատ կամ նույնիսկ սարսափելի աշխարհաքաղաքական իրավիճակում։ Սակայն այսօր շատ խորհրդանշական է եվրոպացի գործընկերներից լսել, որ Հայաստանն ունի գերազանց աշխարհաքաղաքական դիրք և գտնվում է Արևմուտքն ու Արևելքը կապող ամենակարճ ճանապարհի վրա, նշել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ սա պատմական ժամանակաշրջանի փոփոխությունների արտացոլումն է, երբ մնալով նույն տեղում, քաղաքական գործընթացների շնորհիվ դիրքը վատից դարձել է գերազանց։ Այն դիրքը, որը նախկինում ծառայում կամ օգտագործվում էր բոլոր խնդիրները բացատրելու համար, այժմ ծառայում է և կծառայի ինքնիշխան, ազատ, բարգավաճ ու անվտանգ երկրի կառուցմանը։
Փաշինյանի խոսքով՝ սա փոփոխությունների միակ նրբությունը չէ. այսօր ԵՄ-ն ընդունել է հայտարարություն, որով կոչ է անում գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Եթե նախկինում Հայաստանը համարվում էր «ռիսկային գոտի», ապա այժմ ԵՄ-ն բարձրագույն մակարդակով կոչ է անում ներդրումներ անել Հայաստանում, ինչը պատմական նշանակության փաստաթուղթ է։ Նախկինում նման բան երբեք չի հնչել միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, նշել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է հարցերի շատ լայն շրջանակ։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովի ձևաչափով հանդիպումը բխում է այն պարզ իրականությունից, որ ՀՀ-ԵՄ օրակարգն այնքան լայն է, որ այսուհետ, ըստ էության, այն անխուսափելի է և ձևավորվել է բնական ճանապարհով։
Էներգետիկ ոլորտում կան շատ լուրջ համատեղ նախագծեր, որոնք կոչված են Հայաստանի ռեսուրսներն ու եվրոպական տեխնոլոգիաները համադրելու համար, շարունակել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ համարվում էր, որ էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից Հայաստանը սահմանափակ երկիր է, և այդ պատճառով դիտարկվում էր որպես այս առումով կախյալ երկիր։ Պարզվել է, որ Հայաստանն ունի անսահման էներգառեսուրսներ, կան շրջաններ, որտեղ արևոտ օրերի թիվը 300-ից ավելի է, այսինքն՝ արևային էներգետիկայի զարգացման հնարավորությունները անսահման են։ «Չեն բավականացնում կուտակիչ կայանները, և ես շնորհակալ եմ եվրոպացի գործընկերներին այս հարցում աջակցելու պատրաստակամության համար։ Սրանք առաջին քայլերն են»,- նշել է Փաշինյանը՝ նկատելով, որ գոյություն ունեն նաև ջրային ռեսուրսների և գիշերային ռեժիմի վրա հիմնված կուտակիչ կայաններ։ Մյուս ուղղությունը «կանաչ էներգետիկան» է։
Նրա խոսքով՝ ճիշտ ճարտարապետության շնորհիվ Հայաստանը կարող է իրագործել արտահանման իր պահանջներն ու ներուժը։ Կարևոր դեր է խաղում նաև տրանսպորտային կապը․ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության շնորհիվ Հայաստանը հարևանների հետ համագործակցությամբ կարող է ինտեգրվել միջազգային մատակարարումների, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների շղթային։ Հնարավորություններն ավելի են ընդլայնվում՝ հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհում հաղորդակցության միջոց է համարվում նաև ինտերնետը։
Վարչապետն անդրադարձել է նաև նախորդ տարի նախաձեռնված եվրոինտեգրման գործընթացին՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը բխել է հանրությունից, իսկ քաղաքական շրջանակները միացել են ավելի ուշ՝ նախաձեռնությանը տալով օրենքի ուժ։ Փաշինյանը շեշտել է, որ ոչ մի երկիր չի կարող դառնալ ԵՄ անդամ՝ առանց չափանիշներին համապատասխանելու։ Հետևաբար, առաջնահերթ խնդիրը եվրոպացի գործընկերների աջակցությամբ այդ չափանիշներին համապատասխանելն է։ Նրա խոսքով՝ երբ Հայաստանը համապատասխանի դրանց, այդ ժամանակ կհայտնվի երկու ուղի. կա՛մ մեզ կընդունեն ԵՄ, ինչը քաղաքական որոշման հարց է (մենք դեռ չգիտենք՝ գուցե ԵՄ-ն չընդլայնվի)։ Եթե մեզ ընդունեն, մենք ուրախ և երջանիկ կլինենք։ Հակառակ դեպքում՝ մենք դարձյալ կշահենք, քանի որ կհամապատասխանենք ԵՄ չափանիշներին՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով, նշել է Փաշինյանը։
Եզրափակելով՝ նա կրկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար։ «Հետ նայելիս՝ անհավանական է թվում անցած ուղին և ձեռք բերված արդյունքը։ Այն անհնար կլիներ առանց ձեր անձնական շահագրգռվածության և մասնակցության», — հայտարարել է վարչապետը։











