Այս գագաթնաժողովը մեզ հնարավորություն է տալիս խորացնել մեր կապերը և Հայաստանի հետ մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի վրա, և մենք անպայման կանենք դա։ Այս մասին մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա նշել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը զարգանալու է չորս հիմնական առաջնահերթ ուղղություններով։
Դրանցից առաջինը «կապվածությունն» է։ «Հենց նոր ստորագրվեց կապվածության ոլորտում գործընկերության մասին փաստաթուղթը, որը մեր համագործակցությունը դուրս է բերում նոր՝ հավակնոտ մակարդակի», — ասել է նա։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պարզաբանել է, որ կապակցվածությունը բաղկացած է մի քանի առանցքային տարրերից։ Դրանցից առաջինը տրանսպորտն է։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ քիչ երկրներ ունեն այնպիսի եզակի աշխարհագրական դիրք, ինչպիսին Հայաստանն է։ «Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Եվրոպան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու ներուժ ունի։ Այն կարող է Հայաստանը վերածել առանցքային տրանսպորտային հանգույցի։ Մենք արդեն պատրաստ ենք աշխատել սահմանային անցակետերի վերականգնման և վերակառուցման ուղղությամբ։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ձեր հարևանների հետ սահմանները բացվեն։ Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է Հայաստանի համար ամուր կերպով ինտեգրվել տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին, և հենց այդ պատճառով էլ կաջակցենք ձեր ինտեգրմանը, այդ թվում՝ այնպիսի նախագծերում, ինչպիսին է Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը, որը ռազմավարական նշանակություն ունի նաև Եվրոպայի համար, հատկապես հաշվի առնելով մեր տարածաշրջանների միջև աճող ապրանքաշրջանառությունը», - ասել է նա՝ հավելելով, որ «տրանսպորտը և տրանսպորտային ցանցերը մրցունակության շարժիչ ուժն են»։
Երկրորդ առանցքային տարրը, ինչպես նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը, էներգետիկան է։ «Հայաստանում արևային էներգետիկայի արագ զարգացումը տպավորիչ է։ Սա երկրի էներգետիկ դիվերսիֆիկացմանն ուղղված ձեր հավատարմության հստակ նշանն է։ Այն առանցքային նշանակություն ունի, հատկապես էներգետիկ ճգնաժամի պայմաններում, որին մենք բոլորս բախվում ենք։ Մենք աջակցում ենք ձեր էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված նախագծերին՝ հատկապես հաշվի առնելով վերականգնվող աղբյուրների հարուստ պաշարները», - ասել է ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով՝ համագործակցության այս ուղղությունը ներառում է Կովկասյան էլեկտրաէներգետիկ ցանցի և էներգահամակարգերի կառուցումը (25 միլիոն եվրո ներդրումային ծավալով), ինչը նպատակ ունի ապահովել մատակարարումների հուսալիությունը։
Երրորդ ուղղությունը թվայնացումն է։ Նրա խոսքով՝ Հայաստանում արհեստական բանականության և ճարտարագիտության ոլորտում տպավորիչ էկոհամակարգ է ձևավորվում։ Այս բնագավառում գագաթնաժողովի շրջանակում մի շարք մտադրությունների հուշագրեր են ստորագրվել հայաստանյան առաջատար ընկերությունների հետ։ «Մենք խրախուսում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ անել այստեղ, որտեղ կա մարդկային ներուժ և զարգացման հեռանկար։ Հայաստանը դառնում է հենց այն վայրը, որտեղ արժե աշխատել այս ոլորտում», - նշել է ֆոն դեր Լեյենը։
ԵՄ-Հայաստան գործակցության երկրորդ առաջնահերթությունը սերտ համագործակցությունն է անվտանգության ոլորտում։ «Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում մենք աջակցում ենք Հայաստանի զինված ուժերին։ Սակայն երկիրը պետք է դիմակայի նաև հիբրիդային սպառնալիքներին, տեղեկատվական դաշտում միջամտություններին ու մանիպուլյացիաներին։ Մեր գործընկերությունը կօգնի ձեզ դիմակայել այդ սպառնալիքներին ու ապատեղեկատվությանը։ Մի բան հստակ է. այս երկրում իշխանության միակ լեգիտիմ աղբյուրը հայ ժողովրդի կամքն է», - ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Երրորդ առաջնահերթությունը վիզային քաղաքականության և ներքին գործերի ոլորտում համագործակցությունն է։ Եվրոպացի քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ վիզաների ազատականացման հարցում մեծ առաջընթաց կա, և այդ գործընթացը հասցվելու է իր տրամաբանական ավարտին։
Եվ վերջապես, ըստ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, չորրորդ առաջնահերթությունը տնտեսական աջակցությունն ու սոցիալական դիմակայունությունն է։ «Երկու տարի առաջ մենք մեկնարկեցինք Հայաստանի համար նախատեսված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագիրը»։ Դրա իրականացումն արդեն իսկ լավ արդյունքներ է տալիս, և մենք ակնկալում ենք, որ այն կներգրավի մինչև 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ։ Մենք սատարում ենք հայկական բիզնեսին՝ օգնելով ներդնել նորարարություններ, դուրս գալ նոր շուկաներ ու ընդլայնվել։ Ներդրումներ ենք անում նաև հմտությունների զարգացման և զբաղվածության ոլորտներում, այդ թվում՝ ականազերծման գործում, ինչը կենսական նշանակություն ունի անվտանգության համար։ Մենք նաև զգալի օգնություն ենք ցուցաբերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ ապահովելով նրանց բնակարաններով», - նշել է նա։











