Հայաստանում գնաճը կազմում է 3,5%, մինչդեռ բանկային ծառայությունների մասով այն հասնում է 7%-ի։ Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում, Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ինչո՞ւ։ Ի՞նչ լրացուցիչ ծառայություն են նրանք մատուցում, որ որոշել են կրկնապատկել իրենց ծառայությունների արժեքը», - հարցրել է պատգամավորը՝ դիմելով ԿԲ ղեկավարին և թափուր պաշտոնի թեկնածու Մարտին Գալստյանին։
Խաչատրյանը նշել է, որ այն բանկերից մեկը, որի ծառայություններից ինքը օգտվում է արդեն երկար տարիներ, բարդացրել է այս կամ այն ծառայության մատուցումը։ Խորհրդարանականի կարծիքով՝ նման մոտեցման օգտակարությունը փաստացի հավասար է զրոյի։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ բանկերը գործնականում հեռացել են իրենց առաքելություններից։ «Նրանց առաքելություններից մեկը տնտեսության ֆինանսավորումն է։ Սակայն բանկային պորտֆելի մեծ մասը գնում է սպառման ֆինանսավորմանը։ Դրանք սպառողական և հիպոթեքային վարկեր են։ Հայաստանում գերակշռում են 250 հազար դրամի վարկերը։ Այս չափը համապատասխանում է սառնարանի գնին։ Ակնհայտ է, որ երբ մարդկանց եկամուտը չի բավականացնում, նրանք սկսում են վարկեր վերցնել», - ասաց ընդդիմադիրը։
Ընդ որում, ինչպես նշել է Խաչատրյանը, վարկերը, որպես կանոն, վերցվում են կամ ընթացիկ կարիքները հոգալու, կամ էլ խաղամոլության պահանջը բավարարելու համար։











