Հայաստանը պետք է անկոնտակտ անցակետեր ներդնի բոլոր սահմանային կետերում։ Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ այսօր Երևանում անցկացվում է Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը։

Ինչպես հայտնել է վարչապետը, գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ սահմանների կառավարման ոլորտում համագործակցությունը։ «Ես բազմիցս ասել եմ, որ մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել շատ ցանկալի և պոպուլյար ուղղություն, դրա համար մենք պետք է հեշտացնենք մարդկանց ճամփորդելու հետ կապված հարցերը։ Առաջիկայում կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ, մենք պետք է սահմանի անկոնտակտ հատման ենթակառուցվածքներ ունենանք մեր սահմանային անցման բոլոր կետերում։ Այսօր արդեն Եվրամիությունը շատ կոնկրետ ներդրում ունի մեր սահմանների կառավարման գործում։ Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» սահմանային անցակետը և հարակից ենթակառուցվածքները կառուցվում են եվրոպական ներդրումների շնորհիվ։ Կան տարածաշրջանի փոխկապակցվածության ուղղությամբ նախագծեր, այդ թվում՝ ելնելով այն իրողությունից, որ Հայաստանը գտնվում է Արևելքից Արևմուտք ամենակարճ ճանապարհի վրա», - նշել է Փաշինյանը, հավելելով, որ եթե սա հաշվարկենք արժույթով, ապա այս արտահայտությունն ինքնին արժե տրիլիոնավոր դոլարներ և եվրոներ։ Սա ամենաբարձր մակարդակով ուղերձ է միջազգային ներդրումային հանրությանը այն մասին, որ այստեղ կա հսկայական ներուժ, ընդգծել է նա՝ հավելելով, որ հայկական կողմը շնորհակալ է եվրոպացի գործընկերներին այդ ներուժը բացահայտելու համար, ինչպես նաև մեզ, որովհետև հաճախ այն, ինչ մոտ է, աչքին անտեսանելի է։