Մենք չենք կարգավորում թուրք-հայկական հարաբերությունները. սա կարգավորման գործընթաց չէ, այլ վստահության ամրապնդման գործընթաց։ Մենք փորձում ենք ամրապնդել վստահությունը, որպեսզի կարողանանք ձեռնարկել համապարփակ քայլեր, որոնք մեզ կտանեն երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Նա պարզաբանել է, որ չի կարելի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման կամ վստահության ամրապնդման գործընթացները մեկուսացնել տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընդհանուր ջանքերից։ «Եվ մենք չպետք է սահմանափակվենք միայն տրանսպորտով կամ երկաթուղիներով. կան ավելի կարևոր ոլորտներ, որտեղ պետք է ջանքեր գործադրենք։ Նկատի ունեմ ինտերնետ կապը։ Տրանսպորտը, օդային հաղորդակցությունը նույնպես շատ կարևոր են։ Ինչպես արդեն ասացի, մեզ ավելի լայն տեսլական է անհրաժեշտ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Քըլըչը։

Նա մատնանշել է տարածաշրջանում տրանսպորտային հասանելիության և խաղաղության ու կայունության հաստատման հարցում ավելի լայն մոտեցման անհրաժեշտությունը։

«Իհարկե, ես իմ պատկերացումներն ունեմ այն մասին, թե ով պետք է առաջարկներ ներկայացնի այս հարցում, և արդյոք երրորդ երկրները նույնպես պետք է հանդես գան գաղափարներով։ Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև ու հաստատուն խաղաղության և կայունության հաստատման ցանկացած գաղափար պետք է ծնվի հենց տարածաշրջանում, հենց տարածաշրջանի ներսում»,- հավելել է Սերդար Քըլըչը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին հյուրընկալության համար և նշելով, որ Երևանում իրեն զգում է ինչպես տանը։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը պարզաբանել է, որ գտնվում է շատ մտերմիկ միջավայրում՝ հավելելով, որ հայ-թուրքական ողջ գործընթացի ընթացքում վայելել է Հայաստանի կողմից ցուցաբերվող այդ բարեկամությունն ու բացությունը, որը մշտապես կառուցողական լուծումներ է առաջարկել։ «Թեև որոշ հարցեր ունեմ հայկական կողմի հետևողականության վերաբերյալ՝ կապված մի քանի առաջարկների հետ, բայց, ամեն դեպքում, մենք մեծ աշխատանք ենք կատարել։ Մենք հսկայական ճանապարհ ենք անցել»,- եզրափակել է նա։