Փոքրիկներն այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին իրենց հուզող հարցերն են ուղղել։
Փոքրիկի հարցին, թե ինչո՞ւ է ինքը որոշել դառնալ վարչապետ, Սամվել Կարապետյանն ասել է. «Որ դուք ունենաք լավ ապագա, լավ կրթություն, հետագայում ունենաք լավ աշխատանք, դրա համար մենք ամեն ինչ անում ենք»։
Արցախցի մեկ այլ փոքրիկ հետաքրքրվել է, թե նա փոքր տարիքում ինչի՞ մասին է երազում. «Պապիկս ու տատիկս, մայրիկս ծնվել ու մեծացել են Արցախում, երբ ես 1 տարեկան էի այցելեցի Արցախ, ես այնտեղ նույնիսկ առաջին մանկապարտեզն ընդունվեցի, երազումս տեսնում եմ Արցախը, իսկ դու երբ փոքր էիք, ինչի՞ մասին էիք երազում»։
Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ ինքը երազում էր ունենալ լավ հայրենիք, ուժեղ հայրենիք. «Հետագայում ես էլ շատ սիրեցի Արցախը, բայց մենք հիմա ունենք վտանգ, որ կունենանք երկրորդ Արցախ։ Դրա համար բոլորս պետք է շատ ուշադիր լինենք։ Ես հիմա ամեն ինչ անում եմ, որ կանխենք երկրորդ Արցախը»։
Երեխաները հետաքրքրվել են նաև, թե փոքր տարիքում ի՞նչ էր սիրում խաղալ Սամվել Կարապետյանը, նա պատմել է. «Փոքր ժամանակ ավելի շատ սիրում էի ֆուտբոլ խաղալ։ Ես ապրում էի գյուղում, այնտեղ հնարավորությունները քիչ էին, շատ բան խաղալ հնարավոր չէր, դրա համար ամենահեշտ բանը, որ կարելի էր խաղալ, ֆուտբոլն էր. առավոտից երեկո ֆուտբոլ էինք խաղում»։
Իսկ սիրելի մուլտֆիլմը «Չարի վերջն» էր։ Հարցին, թե ո՞րն է Կարապետյանի հաջողության գաղտնիքը, նա ասել է՝ լավ սովորելը, շատ աշխատելը. «Դրանով դու կարող ես հասնել հաջողությունների»։
Մի փոքրիկ էլ ասել է, թե չի ուզում, որ Հայաստանում լինեն աղքատներ, ի՞նչ կարող է անել նրանց համար, Սամվել Կարապետյանն ասել է. «Մենք հիմա շատ լուրջ ծրագրեր ենք անում, որ Հայաստանը լինի առանց աղքատների, հարուստ երկիր։ Մի քիչ մեծանաս, դու դա արդեն կտեսնես։ 3 թիվն ապահովելու է ձեր լավ ապագան»։











