2020 թվականին Ռուսաստանն, առնվազն, մենակ թողեց Հայաստանին։ Այս մասին մայիսի 6-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատասխանելով Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լույսի ներքո հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին հարցին՝ Սիմոնյանը հակադարձեց. «Ես չգիտեմ՝ էդ տրամաբանությունը, որ Հայաստանն իր շահերը հետապնդի՝ միշտ հետ նայելով, թե հանկարծ Ռուսաստանը չի նեղսրտի, որքանո՞վ է ճիշտ: Ես համարում եմ՝ դա ճիշտ չէ, որովհետև երբ Ռուսաստանը իր շահերն է առաջ տանում, չի նայում՝ կանգնո՞ւմ է Հայաստանի շահերի վրա, թե՞ ոչ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանն ընդամենն ապահովում է սեփական շահերն ու իր անվտանգությունը։
«Երբ մենք պատերազմական վիճակում էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր և ասում էր՝ մենք անկախ պետություն ենք և բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները: Հայաստանի պիտի ճո՞րտ լինի, իրեն ասե՞ն՝ սրա հետ լավ լինի, նրա հետ լավ չլինի՞»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը, թե Հայաստանը տնտեսապես կախում ունի Ռուսաստանից, Սիմոնյանն ասաց՝ չի ուզում կտրուկ բաներ ասել, բայց պետք է հասկանալ, թե ինչ է կախվածությունը. «Կա՛մ մենք ծնկած ապրում ենք ինչ-որ գերտերության, լինի դա Ֆրանսիան, Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր, «սապոգի» տակ, կա՛մ փորձում ենք առանց որևէ մեկի հետ պատերազմելու, թշնամանալու տեր կանգնել մեր փոքր պետությանը:
Մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին, Հայաստանը պետք է իր ընտրւթյունը կատարի: Ինքը չի ուզում իր մեծ եղբորը փոխարինել մեկ այլով: Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, և ԿԸՀ-ն դեռ արդյունքները չհայտարարած, Ռուսաստանը շնորհավորել է, մեր ուժայինների մեծ մասը ճշտվել է Ռուսաստանի հետ, մեր քաղաքական ամբողջ կոնյունկտուրան, ողջ ուղեծիրը համաձայնեցվել են ու զուգահեռ տարվել։ Մի՞թե սա քաղաքական անկախություն է։ Մինչև 2018 թվականն անկախություն չի եղել»,– հայտարարեց Սիմոնյանը։
«2020 թվականից հետո, հաշվի առնելով տեղի ունեցածը... Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տեսավ, որ մեր դաշնակիցը, առնվազն, մենակ թողեց մեզ», - ընդգծեց ԱԺ խոսնակը՝ մի քանի անգամ կրկնելով «առնվազն» արտահայտությունը։











