«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վրդովված է Վեդիում տեղի ունեցած սարսափելի դեպքի առնչությամբ Հայաստանի գլխավոր դատախազի անգործությունից։ Պատգամավորն իր դժգոհությունը հնչեցրել է Ազգային ժողովի ամբիոնից։
Նա հայտնեց, որ հարցն ուղղում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Վեդիի աղմկահարույց գործի վերաբերյալ։ «Երբ հարցը վերաբերում է ընդդիմադիրներին, լինում եք շատ օպերատիվ, կտրուկ, նախաձեռնող, ի՞նչ եք նախաձեռնել ահասարսուռ դեպքի առիթով, հարցի պատասխանը չկա, փոխարենը՝ փորձում եք հեգնել։ Ձեր պատասխանը գիտե՞ք ինչ էր՝ ոչինչ չեք արել՝ փետրվարին իրավապահներին հայտնի դարձած անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքով», - նշել է պատգամավորը։
Վարդանյանը հարց է բարձրացրել՝ քանի՞ վայրկյան անց դատախազը կհայտնվեր ամբիոնում, եթե խոսքը վերաբերեր ընդդիմության կողմից թույլ տրված որևէ խախտմանը։ «Ինչո՞ւմ է հապաղումը, երբ խոսքը քաղաքացիների մասին է: Թե՞ դուք Հայաստանի գլխավոր դատախազը չեք»,- պատասխան է պահանջել պատգամավորը։ Նա հիշեցրել է, որ իր գործընկերն այս ամբիոնից հայտարարել է ուժայինների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին. «Դուք նստած եք եղել նույն աթոռին, 1,5 տարի է անցել, ի՞նչ եք արել»։
«Ձեր նպատակը, որ ես նամա՞կ գրեմ, Լիլիթ Գալստյանը 20 նամակ է գրել, և՞։ Արման Բաբաջանյանը չի կատարել դատարանի որոշումը։ Եվ ի՞նչ։ Ո՞րն է արդյունքը։ Այսինքն՝ նամակներ կան՝ զբաղվում եք, նամակներ չկան՝ չե՞ք զբաղվում»,- նշել է պատգամավորը՝ հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք նամակներ եղե՞լ են մյուս այն գործերով, որոնցով գլխավոր դատախազը հետաքրքրվել է։
Պատգամավորը փաստել է, որ Հայաստանի ուժային կառույցները զբաղված են բացառապես ընդդիմությամբ, մինչդեռ սպանությունները մնում են չբացահայտված, իսկ թմրամոլությունը ծաղկում է։ «Այս երկրի ուժայիններն ընդդիմադիրներ հետապնդելու համար են, գիտեն՝ ընդդիմադիրներն ում հետ հանդիպում, ինչ են շնչում, բայց ամիսներ շարունակ բռնություն չեք կարողանում բացահայտել, սպանության նախապատրաստում չեք կարողանում բացահայտել, թմրամոլության բուրգը չեք կարող բացահայտել, այս երկրում ուժայինները սրբազաններին հետապնդելու, գաղտնալսելու, ընդդիմադիրներին հետապնդելո՞ւ համար են»։
Քրիստինե Վարդանյանը հիշեցրել է, թե ինչպես էր առգրավվել իշխող կուսակցության անդամի հեռախոսը և հրապարակվել նամակագրությունը, մինչդեռ անչափահասներին բռնաբարելու մեջ կասկածվողի հեռախոսը չի առգրավվել և չի ուսումնասիրվել։











