Հայաստանն ու Վրաստանն էներգետիկ սիներգիա ստեղծելու հսկայական ներուժ ունեն, սակայն այսօր տարածաշրջանը գործակցության փոխարեն բախվում է տարբեր ռազմավարությունների շահառուների միջև ընթացող տրանսպորտային և էներգետիկ պատերազմներին։ Մայիսի 7-ին կայացած «Հիշողության անկյունաքարը՝ ապագայի հենարան. ինչպե՞ս պահպանել սուբյեկտայնությունը նոր միջանցքների դարաշրջանում» թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
Վերլուծաբանն ընդգծել է, որ Երևանի և Թբիլիսիի միջև լիարժեք երկխոսությունը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա, ինչը խոչընդոտում է այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, որոնք կարող են Հայաստանը վերածել ողջ Հարավային Կովկասի էներգետիկ հաբին։
Իր ելույթում Դավթյանը նշել է, որ այսօր ակտիվ փորձեր են արվում Հայաստանը ներառել «Միջին միջանցքի» մեջ, այդ թվում՝ TRIPP նախագծի միջոցով, որը դիտարկվում է որպես դիվերսիֆիկացման և ինտեգրման ուղի։ Փորձագետը կարծիք է հայտնել, որ հայկական երկաթուղու հնարավոր հանձնումը Ղազախստանի կոնցեսիոն կառավարմանը կարող է դառնալ «թուրքական կապիտալի մուտքը հայկական շուկա», քանի որ Ղազախստանը թուրքական և բաքվի ենթակառուցվածքների հիմնական ներդրողներից է։
Միևնույն ժամանակ, Դավթյանը մատնանշել է Վրաստանի համար սպասվող լուրջ ռիսկերը. գործող երթուղիները շրջանցող նոր տրանսպորտային ճարտարապետությունների իրականացումը կարող է հանգեցնել Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների 25–30%-ով կրճատմանը։ Սա կարող է պոտենցիալ վտանգ ստեղծել հարևանների միջև մրցակցության և շահերի բախման համատեքստում։
Փորձագետը հատուկ ուշադրություն է դարձրել Իրան — Հայաստան — Վրաստան — Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծին, որի նպատակը չորս երկրների համակարգերի սինքրոնացումն է։ Դավթյանն ընդգծել է, որ մինչև 2030 թվականը Վրաստանը բախվելու է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի, որը Հայաստանը կարող էր լրացնել իր ավելցուկային հզորությունների հաշվին։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն պայմանով, եթե Հայաստանը պահպանի իր ատոմային էներգետիկան։
«Եթե համակարգից հանվի ատոմային էլեկտրակայանը, Հայաստանը կդադարի սուբյեկտի դերակատարում ունենալ այս միջանցքում», - նշել է նա՝ հավելելով, որ Արևմուտքի առաջարկած մոդուլային ռեակտորները դեռևս փորձարկված չեն՝ ի տարբերություն ռուսական տեխնոլոգիաների։ Ամփոփելով՝ Դավթյանն ընդգծել է, որ միայն Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ էներգետիկ սիներգիան կարող է դառնալ տարածաշրջանի անվտանգության հենասյունը՝ չնայած համաշխարհային խաղացողների միջև առկա խորը աշխարհաքաղաքական հակասություններին։











