Ձեզ թվում է, թե ես ամբողջ օրը նստած ձեր ասած մարդկանց հայտարարություններն եմ կարդո՞ւմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը այսօր հայտարարել է, որ ՀՀ վարչապետը մեկ տարի առաջ Չինաստանում փորձել է ռեստորաններից մեկում հալյուցինացիա առաջացնող սունկ, շատ է հավանել, մեկ տոննա բերել է և հիմա ամեն օր ուտում է։
«Կներեք, բայց ես մի քիչ ավելի կարևոր գործեր ունեմ։ Եթե կան հայտարարություններ, որոնց պետք է արձագանքել, մեր թիմը ինձ կտեղեկացնի արձագանքելու անհրաժեշտության մասին։ Մի անհանգստացեք, արձագանքը չի ուշանա բոլոր այն դեպքերում, երբ արձագանքելու անհրաժեշտություն կտեսնենք։ Ես ուղղակի չեմ լսել այդ հայտարարությունները, չեմ կարող ոչ մի բան ասել, այդ թվում այն պատճառով, որ մի քիչ սովորականից ավելի շատ զբաղված եմ եղել ձեզ հայտնի հանգամանքների բերումով»։
Ավելի ուշ Փաշինյանը Facebook–ի իր էջում «լայվ» է մտել և հայտարարել. «Ինձ ցույց տվեցին Կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար դատի եմ տալու Կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալուցինացիա առաջացնող սնկեր կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»։











