Առհասարակ դժվար է խոսել մարդու իրավունքներից մի դահլիճում, որն այս հինգ տարիների ընթացքում տեսել է դավաճանություն, պատժելիություն, բռնության խոսք, բռնության վարք, քաղաքական մշակույթի տոտալ սննկացում և արժեզրկում։ Այս մասին այսօր, մայիսի 7-ին, Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ ԱԺ դահլիճում խորհրդարանական երկրի վարչապետի շուրթերից լսվել է հայհոյանք, ատելության և արհամարհանքի խոսք։ «Բացարձակապես պատահական չէ, որ վերջին բոլոր սոցհարցումներով Ազգային ժողովը ամենացածր հանրային վստահություն և հեղինակություն ունեցող ինստիտուտն է։ Դուք, քաղաքական մեծամասնություն, կարմիր գծեր հատելու ոչ մի կաշկանդանք չունեք, ձեր թողած հետագիծը մեր պատմությունից այլևս չջնջվող կորուստների պատմություն է, բնականաբար այս մթնոլորտում նաև երկրի համար խիստ ճակատագրական հանգրվանում մարդու իրավունքներից խոսելը իրապես դիսոնանս է առաջացնում», - ասաց նա։

Լիլիթ Գալստյանը հավելեց, որ ներկա ցավալի իրողությունների համար մարդու իրավունքների պաշտան Անահիտ Մանասյանին մեղադրելը և բոլոր սլաքներն իրեն ուղղելը ճիշտ չէ, բայց նա նաև սահմանադրական անկախություն ունեցող այն ինստիտուտն է, որը բավարար կամք և անկախություն ունենալու պարագայում կարող էր փոփոխություն բերել։

Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանը տարիներ շարունակ հակառակ ժողբաստիոնի ինքնաբրենդավորման, շարունակում է մնալ որպես մասնակի ազատ, ավտորիտար ռեժիմի վերաճած մի երկիր, ուր իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են մեկ մարդու ձեռքում և երկիրը բռնել է հարաճյուն ոստիկանապետության ճանապարհը։

«Երեկ Վեդուում ձերբակալված, բռնության ենթարկված անչափահասների հորեղբայրը մեր երկրում տիրող մարդու պաշտպանվածության ամենացավալի և ցցուն պատկերն է։ Մարդը դիմել է ինքնիրավչության, որովհետև ամիսներ շարունակ անպաշտպան է եղել, իրավական կամ իրավապահ համակարգի հանցավոր անգործություն է դրսևորել։ Լսում ես մանկավարժական կոլեկտիվի հարցազրույցները և հասկանում, որ պարզապես ոստիկանական ծածկադմփոց է տեղի ունեցել։ Այսպիսին է բարևարքված և ռեֆորմախեղդ ոստիկանության պատկերը։ Դե հո ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչի մասին չէր, որ միանգամից փռեին ասֆալտին, կողեր ու ծնոտ ջարդեին։ Եվ կշարունակվեր այս ծածկադմփոցը եթե չլիներ լրագրողի և փաստաբանների համառությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքում քաղաքացին պաշտպանված չէ, և սա բացակա պետության նշան է», - ասաց Լիլիթ Գալստյանը։

 Նա նշեց, որ պաշտոնատար անձանց կողմից երկրում շարունակվում է մարդու իրավունքների ոտնահարումը, շարունակվում է լրագրողների թիրախավորումը, ատելության խոոսքը, բայց տիրում է անպատժելիություն։ Ծանր իրավիճակ է քրեական արդարադատության ոլորտում, բանտերում խոշտանգումներ են, բժշկական օգնության անբավարար մակարդակ, ինքնավնասում կատարած անձանց և ինքնասպանությունների աճ։ Եվ չկա պատասխանատության ենթարկված ոչ մի ոստիկան։

«Այս ամենը, բնականաբար, միջազգային ինդեքսներում լուրջ նահանջ է արձանագրել և Հայաստանը 34-ից իջել է 50-րդ հորիզոնականի։ Դուք տիկին Մանասյան շարունակում եք արձանագրել և գեղեցիկ ելույթներ ունենալ։ Մի ինստիտուտ, որի առաջարկների մոտ 70%-ը կամ չի կատարվում, կամ կատարվում է կիսատ-պռատ, դա արդեն ոչ թե տեխնիկական խնդիր է, այլ, ես կասեի, համակարգային խնդիր», - ասաց նա։