«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մարզային այցերը շարունակվում են Արարատի մարզում։ Այս անգամ ԲՀԿ ղեկավարին մեծ ոգևորությամբ են ընդունել Սուրենավան և Այգևան համայնքներում, որտեղ մարդիկ նրան դիմավորել են զուռնա-դհոլով, բաց ու անմիջական զրույցներով, ինչպես նաև երկրի ապագայի վերաբերյալ մտահոգություններով ու սպասումներով։

Սուրենավանցիները վստահ են՝ իրենց խնդիրներն ու հոգսերը լավագույնս կարող է հասկանալ հենց Գագիկ Ծառուկյանը, քանի որ նա ևս հասարակ աշխատավոր ընտանիքից է դուրս եկել և սեփական աշխատանքի ու փորձի շնորհիվ հասել հաջողության։

«Աշխատողի ընտանիքում եմ ծնվել, մեծացել, կայացել։ Ես ձեզնից մեկն եմ։ Կյանքը հասկանալով ու զգալով՝ միշտ ցանկացել եմ լավ բան անել։ Ինչքան լավ բան ես անում, Աստված ավելի շատ է տալիս»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Հանդիպման սկզբից Ծառուկյանը շեշտել է կյանքի փորձի կարևորությունը՝ նշելով, որ տեսական գիտելիքից հաճախ ավելի ուժեղ է իրական կյանքը։

«Համալսարան չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը հինգով եմ ավարտել։ Կյանքի դպրոցը շատ ավելի ուժեղ է»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ մարդը պետք է լինի կամեցող, բարի, ներողամիտ, սակայն կան արժեքներ, որոնք երբեք չեն ներվում։

«Կյանքում մի բան չի ներվում՝ դավաճանությունը»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ աշխատատեղերի պակասից մինչև արտաքին քաղաքական մարտահրավերներ։ Մարդկանց հատկապես անհանգստացնում են ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումները։

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ կապված է ռուսական շուկայի հետ, և կտրուկ որոշումները կարող են ծանր հետևանքներ ունենալ երկրի համար։

«Վրաստանը տարիներ առաջ հրաժարվեց Ռուսաստանից, հետո նորից փորձում է վերադառնալ այդ շուկա։ Մեր հազարամյա պատմությունը կապված է Ռուսաստանի հետ։ Մոտ 3 միլիոն հայ ապրում է Ռուսաստանում, այնտեղից տարեկան միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան։ Մենք պետք է նայենք՝ ինչը ձեռնտու է մեր երկրին, մեր տնտեսությանը»,- նշել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանից, երկիրը կարող է կանգնել լուրջ վտանգների առաջ։

«Եթե Ռուսաստանից հրաժարվենք, մեկ տարի հետո վիճակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին եղավ Արցախում»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը՝ հիշեցնելով իր նախկին զգուշացումները։

Միաժամանակ նա ընդգծել է, որ հարաբերություններում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։

Սուրենավանցիներին հետաքրքրել է նաև այն հարցը, թե ինչու Գագիկ Ծառուկյանը դեռևս չի հայտարարել վարչապետի թեկնածուի անունը։

Ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդը նշել է, որ ունի չորս թեկնածու, որոնք փորձառու և կրթված մարդիկ են։

«Այսօր մեզ պետք չէ ո՛չ հիներից, ո՛չ ներկաներից։ Մեզ պետք է ապագայի վարչապետ՝ ժամանակակից մտածողությամբ, փորձով և գիտելիքով»,- ասել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ ապագա վարչապետը պետք է կարողանա ձևավորել ուժեղ կառավարություն, որտեղ կլինեն փորձառու մասնագետներ, ովքեր իրենց ոլորտներում արդյունք են ցույց տվել։

«Այսօր Հայաստանում վարչապետ աշխատելը վայելք չէ, դա գիշեր-ցերեկ ծանր աշխատանք է»,- նշել է նա։

Հանդիպման ընթացքում երիտասարդները բարձրաձայնել են կրթության մատչելիության խնդիրը՝ նշելով, որ բազմաթիվ ուսանողներ չեն կարողանում վճարել ուսման վարձը և դուրս են մնում բուհերից։

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ տարիներ շարունակ հազարավոր ուսանողների ուսման վարձ է վճարել և համոզված է՝ կրթությունը պետք է լինի անվճար։

«Ցանկացած երեխա պետք է հնարավորություն ունենա սովորելու։ Պետությունը պետք է հնարավորություն տա ուսանողին կրթություն ստանալ, հետո աշխատանքի տեղավորվել և արդեն աշխատելով՝ վերադարձնել այդ գումարը»,- ասել է նա։

Հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդին ուղեկցել են գյուղի ազատամարտիկներից մեկի այգի, որտեղ անվանական ծառեր էին տնկված։ Այստեղ Գագիկ Ծառուկյանը ևս իր անունով ծառ է տնկել։

Սուրենավանում Ծառուկյանը հանդիպել է նաև զբոսաշրջիկների հետ և նրանց հրավիրել այցելել Հատիսի բարձունք, որտեղ կառուցվում է Հիսուս Քրիստոսի արձանը։

Նրա խոսքով՝ այդ նախագիծը պետք է դառնա ոչ միայն հոգևոր, այլ նաև զբոսաշրջային կարևոր կենտրոն։

Հաջորդ կանգառը Այգևանն էր, որտեղ Գագիկ Ծառուկյանը նախ ծաղիկներ է խոնարհել պատերազմում զոհված հայորդիների հուշակոթողին։

Այստեղ ևս քաղաքացիները բազմաթիվ հարցեր են ուղղել ԲՀԿ առաջնորդին։ Մարդկանց հատկապես հետաքրքրել է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման հարցը և դրա ազդեցությունը հայկական տնտեսության վրա։

Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանը ներկայում պատրաստ չէ հավասար մրցակցության Թուրքիայի տնտեսության հետ։

«Թուրքիան գյուղատնտեսությանը 70 տոկոս սուբսիդավորում է տալիս, հյուրանոցներին՝ 50 տոկոս։ Մեզ մոտ հակառակն է՝ գյուղացին թանկ սերմ, թանկ պարարտանյութ ու թանկ վարկ է վերցնում։ Եթե հիմա սահմանը բացվի, թուրքական արտադրանքը կգրավի մեր շուկան»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ պայմաններում կարող է Հայաստանը մրցունակ դառնալ։

Գյուղատնտեսության թեման հանդիպման առանցքային հարցերից էր։ Ծառուկյանը նշել է, որ գյուղացին այսօր մենակ է մնացել իր խնդիրների հետ։

«Ամբողջ Եվրոպայում գյուղատնտեսությունը 0 տոկոսով վարկեր ու սուբսիդիաներ է ստանում, իսկ մեզ մոտ գյուղացին 25 տոկոսով վարկ է վերցնում։ Եթե նրան ոչ տեխնիկա ես տալիս, ոչ պարարտանյութ, ոչ սերմ, ոչ էլ մթերման երաշխիք, այդ մարդն ի՞նչ անի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ գյուղը պետք է դառնա ոչ թե գոյատևման, այլ արժանապատիվ կյանքի և եկամուտի աղբյուր։

Հանդիպման ընթացքում Ծառուկյանը խոսել է նաև մարդկային արժեքների, պատասխանատվության և սխալներն ընդունելու կարևորության մասին։

«Եթե մարդը զգում է իր սխալը և կարողանում է ներողություն խնդրել, դա իր արժեքն ավելի է բարձրացնում։ Դա միայն ուժեղ մարդը կարող է անել»,- ասել է նա։

ԲՀԿ առաջնորդը կարևորել է նաև պետական համակարգում արդարության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքը։

«Ծանոթ-բարեկամին առաջ տանելով արդյունքի չես հասնի։ Պետք է պաշտոններում լինեն մարդիկ, որոնք կարողանում են աշխատել։ Ես անգամ իմ տղային պաշտոնի չէի նշանակի, որ չասեն՝ Ծառուկյանը իր տղային առաջ է տանում»,- նշել է նա։

Այգևանում ևս բնակիչները խնդրել են հնարավորություն ունենալ մասնակցելու Հատիսի բարձունքում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը։

Ծառուկյանը վստահեցրել է, որ նախագիծը համազգային է, և յուրաքանչյուր ցանկացող կարող է իր մասնակցությունն ունենալ։