Հայաստանի գործող իշխանությունները պատերազմի ամենամեծ սպառնալիքն են. այս մասին Գեղամասարի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ պատերազմից հետո տարածաշրջանը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել, որոնք մինչ օրս լուծված չեն։ «Հարևանն աչք է դրել այս տարածքի վրա։ Խոսելով «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նա հենց այս տարածքները նկատի ունի»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ եթե ճիշտ չկողմնորոշվենք և սխալ ընկալենք աշխարհում ընթացող գործընթացներն ու մեր տեղը դրանցում, խնդիրներն ավելի կխորանան։ «Երեկ Հայաստանի վարչապետն ասաց, թե Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր, և Արցախի հողը Հայաստանի հետ որևէ կապ չունի։ Ավելի մեծ հիմարություն դժվար է պատկերացնել։ Բայց մենք հասել ենք նրան, որ կարելի է նման հայտարարություններ անել ու շարունակել շփվել ժողովրդի հետ։ Իմ գլխում նման բան չի տեղավորվում»,- նկատել է Քոչարյանը։
Կատարվածը նա համեմատել է մի հիմարի հետ, ով քանդում է տունը, բայց մեղադրում նրանց, ովքեր կառուցել են այն։ «Ո՞վ է մեղավոր տան քանդման համար։ Ոչ թե նա՞, ով ամուր տունը թուլացրել ու քանդել է։ Նա սկսում է մեղադրել տունը կառուցողներին։ Հիմա մոտավորապես այսպիսի իրավիճակ է, և զարմանալի է, որ մենք հանդուրժում ենք սա»,- նշել է վարչապետի թեկնածուն։ Ըստ նրա՝ ամեն ինչ ճիշտ գնահատելու դեպքում հնարավոր է չեզոքացնել սպառնալիքներն ու միասին հաղթահարել երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերները։ Քաղաքական գործիչը ենթադրություն է հայտնել, որ «օպտիմալացման» ծրագրերն ու սահմանամերձ շրջանների նկատմամբ անուշադրությունը նպատակ ունեն նպաստել բնակչության արտահոսքին, որպեսզի հետագայում (Ադրբեջանի հետ) «ավելի հեշտ լինի պայմանավորվել»։
«Մենք հակառակն արեցինք՝ ամրացրինք սահմանը։ Մեր թիմը երբեք դատարկ խոստումներ չի տվել։ Մեր ասած ամեն ինչ կիրականացվի։ Ես դա արել եմ երկու անգամ՝ Արցախում և Հայաստանում։ Ես դա կանեմ երրորդ անգամ», - հայտարարել է Քոչարյանը։
Գյուղացիները հիշեցին, որ նախկինում Ալիևը գլուխ էր խոնարհում Քոչարյանի հետ հանդիպումների ժամանակ, բայց հիմա հակառակն է. մեր վարչապետն է գլուխ խոնարհում և ասում է, որ եթե ինքը չընտրվի՝ պատերազմ կլինի: Գյուղացու խոսքով, եթե գյուղում հայտնվի թեկուզ մեկ ադրբեջանցի, նա ստիպված կլինի իր երեխային դպրոց ուղարկել և թողնել աշխատանքը: «Կար Քարվաճառ: Եթե դրանից էլ հրաժարվենք, Երևանը կմնա», - հիշեցրել է գյուղացին՝ կոչ անելով մայրաքաղաքի բնակիչներին մտածել սահմանամերձ գյուղերի մասին և ճիշտ ընտրություն կատարել:
«Ո՞ւմ է պատկանում «հարբեցող ծաղրածու» արտահայտությունը։ Սա ասել է Ալիևը Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքականության մեջ կա հետևյալը. եթե դու վախկոտ ես, եթե դու վախեցած ես, դու պատերազմի համար «էստի համեցեք» ես։ Հիմա ՀՀ իշխանությունը պատերազմի ամենամեծ սպառնալիքն է, որովհետև իր հետ շփվելով, իրեն գնահատելով՝ հարևանը հասկանում է, որ դիմադրություն չի լինելու, որ դիմացինը հարիֆ է՝ վախած-կզած։ ՀՀ վարչապետն այդ արտահայտությանը որևէ կերպ չի էլ արձագանքել, բան էլ չի ասել, ոնց որ իրեն չեն ասել։ Այս վիրավորանքը մենք պետք է բոլորս ընդունենք մեր հասցեին, որովհետև քո երկրի առաջին դեմքի մասին է դա։ Նա նվաստացնում է երկիրը, նվաստացնում է ժողովրդին», - պատասխանել է Քոչարյանը։
Գյուղացիները հիշում էին, թե ինչպես էր իրավիճակը փոխվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո. սահմանները ամրապնդվել էին, իսկ տնտեսությունը՝ բարելավվել։ «Մենք պետք է խելք հավաքենք և ճիշտ ընտրություն կատարենք», - ասել է Գեղամասարի բնակիչը։
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վերականգնել Հայաստանի երբեմնի ինքնիշխանությունը, Քոչարյանը պատասխանել է, որ, իհարկե, հնարավոր է։ Նրա խոսքով՝ հարկավոր է ձևակերպել սեփական շահերը, չկտրվել արմատներից և հասկանալ, որ ժողովրդին «սևերի ու սպիտակների» բաժանելով՝ միայն թուլացնում ես երկիրը։ «Հայաստանն ավելի մեծ է, քան մեզ թվում է՝ ոչ թե քառակուսի կիլոմետրերով, այլ իր ներուժով ու պատմությամբ։ Բազմաթիվ գործոններ միասին փաստում են, որ մենք ավելին ենք, քան մենք ինքներս ենք պատկերացնում»,- նշել է Քոչարյանը։











