Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների գործի հետ կապված Նիկոլ Փաշինյանը դիմել է իրավապահ համակարգին ու ստացել որոշակի տեղեկատվություն։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ մայիսի 11–ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

Նա չմանրամասնեց, թե ինչ կոնկրետ տեղեկություն է ստացել։

«Որոշակի դառնության զգացում ունեմ, ինչպես նաև պահանջում եմ, որ հատկապես այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերեն իրենց երեխայի նկատմամբ հնարավոր տեղի ունեցած պոտենցիալ դեպքին»,– ընդգծեց նա։ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ քաղաքական հարթակներում ասում «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվու իրավապահների աշխատանքում։ Նրա խոսքով եթե մի փոքր անգամ շեղում տեսում է այդ կարգախոսից, իր համար դա բացարձակապես անընդունելի է։ «Մնացած մասերով ես չեմ կարող մեկնաբանություն տալ, որովհետև ես համոզված չեմ, որ տիրապետում եմ այն աստիճանի տեղեկատվության, որ կարող եմ այդ հարցերին պատասխանել»։

Հարցին՝ ձեզ հետաքրքիր չէ՞ մոտիվացիան, որ դեպքը թաքցվել է, և պե՞տք է սպասել բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների, Փաշինյանն արձագանքեց. «Ես ձեր հարցին պատասխանեցի, ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները իրենք պետք է վերլուծեն աշխատանքը և նրանք, ովքեր թերացել են իրենց աշխատանքներում, մարզային կառույցներում, պետք է համապատասխան հետևանքներ լինեն։ Ընդ որում, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ընդհանրապես, մենք պետք է գործելակարգ ունենանք, որ նաև մեզնից յուրաքանչյուրը, մարզային պատասխանատուները պետք է նաև անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ, քրեածին իրավիճակի, ինֆորմացիայի տիրապետման համար։ Պրոցեսներ կան, որոնցից, ասենք, մի մասը հրապարակային է լինում, մի մասը հրապարակային չի լինում, բայց դա ես դրել եմ որպես սկզբունք:

Ընդհանրապես պարզ է, որ ոչ մի պաշտոնյա առանձին վերցրած, բացարձակ պատասխանատու և բացարձակ տնօրեն չէ իրավիճակի: Բայց ինձ համար անընդունելի է նաև այն իրավիճակը, երբ մի ինստիտուտ ասի՝ դե ես իմ գործը արել եմ, այն մյուսը չի արել,  այն մյուսը ասի՝ ես արել եմ, մյուսը չի արել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողներ Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը 65։ Նրանք կալանավորված են։ Այսօր 2 ամսով կալանավորվել է նաև այդ գործով անցնող երրորդ անձը՝  Վ.Ե.-ն։