Պետական քաղաքականության միակ ուղենիշը պետք է լինեն Հայաստանի ազգային շահերն ու քաղաքացիների անվտանգությունը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերջ տալ արտաքին պահանջներ կատարելու գործելաոճին, քանի որ դրանք սպառնում են երկրի ինքնիշխանությանը։ Մայիսի 11-ին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը։
Հանդիպումը կայացել է Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա գտնվում է տնային կալանքի տակ ու չէր կարող հանդիպումն այլ վայրում անցկացնել:
Նա ընդգծել է, որ այսօրվա կառավարությունն առաջնորդվում է վտանգավոր սկզբունքով՝ ամեն կերպ հաճոյանալ Իլհամ Ալիևին և կատարել նրա հրահանգները, ինչը հղի է աղետալի հետևանքներով։
Սամվել Կարապետյանը խստորեն դատապարտել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցնելու նախագծերը։ Նա շեշտել է, որ օրվա իշխանությունը, արտաքին ուժերին հաճոյանալու համար, պատրաստ է անտեսել սեփական ժողովրդի շահերը և գնալ այդ կործանարար քայլին։
«Այս իշխանությունների համար միայն մեկ սկզբունք կա՝ ինչպես անել, որ դուր գան Ալիևին, ինչպես կատարեն նրա հրամանները և ինչպես այստեղ բերեն ու տուն ու աշխատանքով ապահովեն 300,000 ադրբեջանցիների, որովհետև իրենց «շեֆն» արդեն այդպես է կարգադրել։ Մենք դա թույլ չենք տա»,- հայտարարել է վարչապետի թեկնածուն։
Քաղաքական գործիչը նշել է, որ երկրի անվտանգությունը հնարավոր չէ կառուցել դատարկ խոսքերի ու շարունակական զիջումների վրա։ Դրանք միայն նոր սպառնալիքներ են ծնում՝ ընդհուպ մինչև Սյունիքը կորցնելու վտանգ։ Երկիրն օտարներով բնակեցնելու փոխարեն՝ Կարապետյանի ծրագիրն առաջարկում է 300,000 աշխատատեղ ստեղծել հենց հայերի համար և հզորացնել բանակը՝ որպես կայունության միակ իրական երաշխավոր։
«Մենք կունենանք արժանապատիվ երկիր ու արժանապատիվ սկզբունքներ։ Մեզ համար այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն Ալիևը, Թուրքիան, Մոսկվան կամ Արևմուտքը. մենք առաջնորդվելու ենք բացառապես Հայաստանի շահերով։ Մեր խնդիրը սեփական ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունն ապահովելն է, այլ ոչ թե օտարի օրակարգերին սպասարկելը»,- եզրափակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը։











