«СУ-30СМ» կործանիչների դասը քիչ էր, Հայաստանի իշխանությունները կրկին գնում են զենք, որը չեն կարողանալու օգտագործել։ Այդ մասին Իջևանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչը նշել է, որ իշխանությունները, մայիսի 28-ին շքերթ և սպառազինության ցուցադրություն հայտարարելով, փորձում են «թոզ փչել ժողովրդի աչքերին»։ Նա հիշեցրել է, որ աշխարհում գոյություն ունի անվտանգության համապարփակ համակարգ՝ ժամանակակից մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։
Քոչարյանը թվարկել է 44-օրյա պատերազմում պարտության պատճառները՝ նշելով, որ խախտվել էին այդ կարևորագույն պայմանները. բանակը քայքայվում էր 2018 թվականից, ուժեղ առաջնորդի գործոնը բացակայում էր («Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր կարողանում ինքնաձիգի պահունակը ամրացնել»), իսկ դաշնակցի հետ հարաբերությունները փչացած էին։ Նրա խոսքով՝ արդյունքը ծանրագույն եղավ՝ զոհեր, վիրավորներ և տարածքային կորուստներ, իսկ «այդ բոլոր հիմարությունների հեղինակը» 2021-ին վերընտրվեց և դեռ համարում է, թե մանդատ է ստացել շարունակելու կործանարար առաքելությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից որոշել է, որ դա Ադրբեջանի տարածքն է»։
Ըստ Քոչարյանի՝ այսօր կրկնվում են նույն սխալները.«Այս մարդը կամ ընդհանրապես հետևություններ չի անում փորձից, կամ դրանք կանխամտածված գործողություններ են։ Այլ բացատրություն չկա»։ Նա պարզաբանել է, որ անօգուտ «СУ»-երի վրա ծախսված 120 միլիոն դոլարը կարող էր ուղղվել ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը. «Հրթիռներ չգնեցին, և «СУ»-երը ոչ մի մարտական խնդիր չկատարեցին։ Եթե ՀՕՊ գնեին, «Բայրաքթարների» հարցը կլուծեին, և պատերազմի արդյունքն այլ կլիներ»։
Անդրադառնալով ֆրանսիական սպառազինությանը՝ Քոչարյանը նկատել է,որ դատելով ցուցադրվող կադրերից, իշխանությունները դարձյալ գնում են զենք, որը չեն կարողանա օգտագործել պատերազմի դեպքում։ «Տա Աստված, որ դրա կարիքը չլինի։ Ֆրանսիական հրետանին լավն է, բայց հրետանին առանց արկերի ընդամենը մետաղ է»։
Հարց՝ անհրաժեշտության դեպքում Ֆրանսիայից ինչպե՞ս եք այն բերելու Հայաստան։ 44-օրյա պատերազմի ժամանակ միայն Իրանի սահմանն ու օդն էին բաց նման բեռների համար, Վրաստանը փակ էր։ Իրանի շուրջ տեղի ունեցողը հուշում է, որ այդ ուղին ևս կփակվի։ Դուք քարտեզին նայո՞ւմ եք»։ Ինչո՞ւ է դա արվում», - հարցրել է քաղաքական գործիչը՝ ենթադրելով, որ դա արվում է նրա համար, որպեսզի Մակրոնը Փաշինյանին «լավ տղա» անվանի։
Որպես պատկերավոր օրինակ՝ նա պատմել է իր մանկությունից մի դեպք, երբ մեխը մտցրել է վարդակի մեջ և հոսանքահարվել։ Դրանից հետո նրա մտքով չի անցել կրկնել դա։ «Հիմա վարչապետը մեխը ձեռքին շրջում է ու վարդակ է փնտրում, որ մտցնի։ Հարցն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է հարվածում, այլ ժողովրդին։ Առաջարկս է՝ խլել նրանից այդ մեխը։ Միակ ուղին հունիսի 7-ին 17 համարի օգտին քվեարկելն է»,- եզրափակել է Քոչարյանը։











