Մի քանի շաբաթ առաջ էր, երբ Մոսկվայում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը Փաշինյանին փաստի առաջ դրեց ԵԱՏՄ-ԵՄ երկվության հարցով, և Փաշինյանը այնտեղ ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Փաշինյանն ասաց՝ այնքան ժամանակ, քանի դեռ հակասություն չկա, առայժմ այսպես շարունակենք, հետո կնայենք։ Անկեղծ ասած, 7–րդ դասարանի ուսանողը երևի թե նման պատասխան չէր տա։ Ավելի պատկերավոր ասեմ կենցաղից. Ասենք, ամուսնացած ես, կինդ հայտնաբերում է, որ սիրուհի ունես ու քեզ փաստի առաջ է դնում, ասում է՝ ընտրություն արա, և դու ասում ես՝ գիտես ինչ, չգիտեմ՝ սիրուհին ինձ հետ կամուսնանա, թե չէ։ Հլը որ հակասություն չկա, շարունակենք միասին ապրել, հետո որ ինքը որոշի, ես կկողմնորոշվեմ։ Սա ահավոր սխալ պատասխան է և ոչ դիվանագիտական։
Այն ժամանակ ես մի վայրկյան մտացեցի, որ երևի թե այդ մթնոլորտի մեջ Փաշինյանը միգուցե անակնկալ եկավ, այլ պատասխան չուներ, այդպես ասաց։ Բայց երկու օր առաջ լրագրողներիի հարցին Փաշինյանը նույն պատասխանը տրվեց։ Երբեք Փաշինյանը դիվանագիտություն չի իմացել, հեռու է եղել, և բոլոր այն արհավիրքները, որ մեր գլխին Փաշինյանը բերել է, հիմնականում գալիս են նրանից, որ Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու մարդ է։ Նա չի իմացել, այսօր էլ չի իմանում, թե ինչ է դիվանագիտությունը, և այս ութ տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի սովորել։ Ցանկացած իրավիճակում, երբ նրա առաջ երկվության հարց է եղել, միշտ արել է սխալ ընտրություն»,–ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան–ԵՄ գագաթնաժողովերի ցուցադրական կողմը ևս սխալ ընտրության, սխալ դիվանագիտական գործունեության արդյունք էր. «Այդ գագաղթնաժողովների արդյունքում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի սրվել են և այն երկվությունը, որի առաջ Հայաստանը այսօր կանգնել է, առավել խորացել է։
Փաշինյանը սխալ ճանապարհի վրա է, մենք երբեք նման ընտրության առաջ մեզ դնելու պատճառ չունենք»,– ասաց Օսկանյանը։
Նա հայտարարեց, որ այսօր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները անկախության 30–ամյա շրջանի ամենացածր մակարդակի վրա են գտնվում, փոխարենը շոուի մասն է մեծացել. «Իմ 10 տարվա գործունեության ժամանակ այդ հարաբերությունները եղել են շատ ավելի բովանդակային, խորքային, Հայաստանը դրանից արդյունք է քաղել, և Եվրամիության հետ, և ՄԱԿ-ի հետ, զուգահեռաբար շատ լավ հարաբերություններ պահելով և Ռուսաստանի, և Միացյալ Նահանգների, և մյուսների հետ։
Եվրամիության հետ եղել են գագաթնաժողովներ, նույնը ՆԱՏՕ-ի հետ։ Այդ 10 տարիներին ՆԱՏՕ-ի բոլոր գործող գլխավոր քարտուղարները այցելել են Հայաստան։ ԵՄ–ի հետ եղել են բազմաթիվ գագաթնաժողովներ, հանդիպումներ, գործնական արդյունքներ են եղել, նյութական օգնություն է եղել, ներդրում է եղել։ Հայաստանը ունեցել է առևտրային առավելություններ, նույնիսկ վիզաների ազատագանացման հարցում։ Փաշինյանն ինքն է կանգնացրել բիոմետրիկ անձնագրերի այդ ամբողջ ընթացքը, որը խանգարել է, տարիներով հետ է գցել մեզ վիզայի ազատ կարգավորման հարցից։ Չի եղել որևէ եվրոպական լուրջ ընկերության ներդրում այս 6-8 տարիների ընթացքում»,– ընդգծեց ԱԳ նախկին նախարարը։
Նրա ներկայացմամբ, Նիկոլ Փաշինյանը մտել է ինչ-որ տարատեսակ գործարքների մեջ, որից արդեն հնարավորություն չունի դուրս գալու. «Դրա միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է, և դրա հնարավորությունը մենք շուտով ես կարծում եմ՝ ունենալու ենք»։
Օսկանյանը սուտ որակեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե եթե ինքը չընտրվի, պատերազմ կլինի. «Ես կարծում եմ՝ նման խնդիր դնելը արդեն քրեականորեն պատժերի հետ կլինի, երբ դու քո ժողովրդին նման սպառնալիքի առաջ ես դնում, առանց որևէ լուրջ հիմնավորման։
Չկա հնարավոր հաղթող ուժերի ծրագրերում որևէ բան, որը կարող է որևէ մեկի մտքում կասկած առաջացնել, որ նրանց հաղթանակը կարող է պատերազմի կամ նման հետևանքների բերել։ Դա բացարձակ սուտ է։ Բայց մյուս կողմից բացարձակ իրականություն է, որ եթե Փաշինյանը ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու, դրա հիմնավոր ապացույցը կա՝ հենց Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունը: Ռուսաստանը շատ սուր հարց դրել է և Փաշինյանի ընտրության դեպքում ակնհայտ է, որ մենք ունենալու ենք շատ լուրջ տնտեսական, անվտանգային, էներգետիկ խնդիրներ, որը բացասական է ազդելու մեր ժողովրդի առօրյա կյանքի վրա»,– ընդգծեց Օսկանյանը։











