Դուք եկել եք մեր թաղամաս, 17–րդ թաղամաս, խոստացել եք որ լիֆտը կդնեք, բայց մինչև հիմա չեք դրել, 21 տարի մենք լիֆտ չունենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14–ին, Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց մի երևանցի կին՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Բոլոր լիֆտերը փոխել եք, մերը ծրագրերում չկա։ Պարոն Փաշինյան, խաբում են, ասում էր՝ «ասեք՝ կանենք», հիմա ասում ենք՝ արա»,–ասաց նա։

Ավինյանն ասաց, որ բոլոր վերելակները փոխվելու են, Փաշինյանն էլ նկատեց, որ խոստումները կատարելու համար 5 տարի է տրված, հերթով բոլորը կարվի։

Կինը շարունակեց. «Ինքն ասում էր, որ գարնանը կլինի։ Ես երկու ժամ է՝ ընկած 17 թաղամասից ման եմ գալիս, որ ձեզ տեսնեմ։ Մեզ ասում են՝ ձեր շենքը քարտեզում չկա, բա Թուրքիայի քարտեզի մեջ ե՞նք մենք, ո՞ր քարտեզի մեջ ենք։ Արդեն 68 տարեկան եմ, կմեռնեմ, նոր էդ լիֆտը կարող է լինի, ու ես չտեսնեմ։ Մեռա դեղ առնելով, ոտքերիս քսելով։ Մեր ձայները ձեզ պետք չե՞ն, չէր, որ մենք ընտրող ենք»։ Փաշինյանն արձագանքեց. «Մենք լիֆտը ձայնի համար չենք փոխում, մարդու համար ենք փոխում։ Մինչև հիմա 2560 վերելակ է փոխվել Երևանում։ Պարզվեց, որ ձեր շենքի փաստաթղթերը նորմալ չեն, նման դեպքում քաղաքապետարանը չի կարող շենքի վրա ծախս անել։ Ներողություն եմ խնդրում, որ ձեր ակնկալիքները չենք արդարացրել։ Սկզբում ներողությունը, հետո լիֆտը»։

Երևանի քաղաքապետն էլ նկատեց, որ այդ շենքն ի սկզբանե վերելակ չի ունեցել, իսկ այս տարի անպայման վերելակ կտեղադրվի այդ շենքում, որովհետեւ փաստաղթղթերի հետ կապված հարցը կարգավորվել է։