Նոր ատոմակայանի կառուցման հարցում մենք չենք ցանկանում քաղաքական ընտրություն կատարել, քանի որ սա տնտեսական նախագիծ է։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա հավաստիացրել է, որ շարունակելու են աշխատել այն երկրի հետ, որն առավել շահավետ առաջարկ կներկայացնի։ «Սա քաղաքական ընտրություն չէ, այլ զուտ տնտեսական հարց»,— ընդգծել է նա։

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն առաջարկներ է ստացել Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։

«Մեր հաշվարկն այն է, որ հաշվի առնելով արևային էներգիայի զարգացման տեմպերը՝ մենք 1000 ՄՎտ կամ 600 ՄՎտ հզորությամբ մեծ ատոմակայանների կարիք չենք ունենա։ Մենք ունենք մեր ռեսուրսը՝ ի դեմս արևային էներգիայի։ Մենք ցանկանում ենք ունենալ մոդուլային ատոմակայան, քանի որ անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր կլինի կառուցել նոր էներգաբլոկներ։ Եվ ամենակարևորը՝ մոդուլային կայանը չի կարող հանգեցնել Չեռնոբիլի նման վթարի։ Մոդուլային կայանում վթարի դեպքում հարակից բնակավայրերը չեն տարհանվում»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նույնպես ունի մոդուլային կայանի նախագիծ, սակայն այն լողացող ատոմակայան է։ «Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր առաջարկները՝ թե՛ տեխնոլոգիաների, թե՛ գնի տեսանկյունից»,— եզրափակել է Փաշինյանը։