Մոսկվայի Պուշկինյան հրապարակում ՌԼԴԿ կողմնակիցների հանրահավաքն ավարտվել է ծեծով եւ հրմշտոցով, Ժիրինովսկին կողմնակիցներին նվերներ է խոստացել` հատուկ Ֆրանսիայում շշալցված անվանական «Ժիրինովսկի» օծանելիք: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, հանրահավաքում բաժանվել են նաեւ վերնազգեստներ, իսկ ընթացքում ժողովրդին կերակրել են հնդկաձավարի շիլայով եւ մսով: Ճիշտ է, այն հասել է ոչ բոլորին:

Ինքը` Վլադիմիր Վոլֆովիչն իր ամպլուայում էր: Ամբիոնից դիտելով մարդկային դեղնա-կապտագույն զանգվածին, ՌԼԴԿ առաջնորդը պահանջել է, որ ոստիկանները ճիշտ հաշվեն իր կողմնակիցներին: «Թող Մոսկվայի ոստիկանության Տվերսկոյի բաժնի պետն ազնվորեն ասի, որ եկել են 2 հազար մարդ: Եթե թեկուզ մեկով պակաս ասի, արդեն վաղն իր տեղում չի լինի»,- սպառնացել է Վլադիմիր Վոլֆովիչը:

Ժիրինովսկին քննադատել է կոմունիստական գաղափարախոսությունը:

Բազմությունը նետվել է` ստանալու «Ժիրինովսկի» օծանելիքը, այնպես ակտիվորեն, որ ոստիկանները մի պահ ահաբեկվել են: