2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով արվել է հնարավոր ամեն ինչ, իշխանությունները որևէ նոր բան «բացահայտել» չեն կարող։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Փաշինյանի այն հայտարարություններին վերաբերող հարցին, թե գործը բացահայտված է։

Նրա խոսքով՝ իշխանությունները ջրել են նախորդ ռեժիմների կոռուպցիոն գործերը։ Մարդիկ պետք է իմանան, որ այստեղ ևս իրենց խաբել են, հայտարարել է Մարուքյանը։

«Նա ասում է՝ գործը բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ինչպե՞ս կարելի է 8 տարի շարունակ երկիրը ղեկավարել՝ կառչած մնալով Քոչարյանին կալանավորելու թեմայից։ Դա սուտ է, ոչ ոք էլ չի նստի»,- հայտարարել է Մարուքյանը՝ հավելելով, որ «նրանք ուզում են վերընտրվել, գնալ խորհրդարան, միասին Ստրասբուրգներում շրջագայել, ինչը մենք տեսանք վերջին 5 տարիներին»։ Նրա խոսքով՝ նույն պատմությունն է նաև Հոկտեմբերի 27-ի գործի հետ. ոմանք ընդհանրապես արյան վրա կարիերա են անում։ Այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը, նշել է Մարուքյանը՝ վստահեցնելով, որ այս անձնավորությունն իր կարիերան սկսել է 0038 գաղտնի հրամանով (Մարտի 1-ի գործ), հետո դարձել պատգամավոր, Ապրիլյան պատերազմի թեմայով պահպանել է հանձնաժողովի նախագահի պոստը, իսկ հետո զբաղվել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցով։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ այդ զեկույցն այդպես էլ չի հրապարակվել, Մարուքյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հրապարակել այն, որպեսզի ավելորդ անգամ չնյարդայնացնեն Ալիևին։