2018 թվականի մայիսի 9-ին ես նստեցի մի մեքենայի ղեկին, որը մեծ արագությամբ ընթանում էր դեպի անդունդը։ Այս մասին մայիսի 21-ին Արարատի մարզի Գեղանիստ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։
Ըստ նրա գնահատականի՝ հայ ժողովուրդը շատ քիչ ազդեցություն է ունեցել պետության ձևավորման պատմության վրա։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է Թիֆլիսում, և երկար ժամանակ կառավարությունը Երևանում չէր հավաքվում, իսկ 1990-1991 թվականների գործընթացները կապված են եղել ԽՍՀՄ փլուզման հետ։
Ինչպես հայտարարել է «թավշյա հեղափոխության» առաջնորդը, 2018 թվականին, երբ ինքն ընտրվեց վարչապետ, իր հիմնական հռետորաբանությունն այն էր, որ իշխանությունները պետք է դուրս բերեն երկիրը պատմական այն շրջափուլից, երբ հայ ժողովրդի ազդեցությունը պետության ձևավորման ու կորստի վրա եղել է նվազագույն, և մեծացնեն այդ ազդեցությունը։
Փաշինյանի գնահատմամբ՝ ակնհայտ էր, որ եթե Հայաստանի սահմաններից դուրս որոշվի երկրի լինել-չլինելու հարցը, պետությունը պետք է ունենա այնքան ուժ ու կամք, որ կարողանա մերժել այդ որոշումը՝ հայտարարելով. «Հայաստանի պետությունը լինելո՛ւ է»։
«Այն ամենը, ինչ տեսնում եք 2018 թվականից ի վեր, հենց այս գործընթացի մասին է։ Ղարաբաղյան հարցը վաղուց էր լուծված, և օրակարգում Հայաստանի հարցն էր։ Ընդ որում՝ մենք դա միանգամից չհասկացանք, այլ հասկացանք ընթացքում։ Եվ մենք պետք է կողմնորոշվենք՝ մնո՞ւմ ենք այդ շրջափուլի մեջ, թե՞ ոչ։ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին ես խորհրդակցություն հրավիրեցի, որտեղ քննարկվում էր՝ գնո՞ւմ ենք պետականության ու անկախության ճանապարհով, թե՞ հանձնվում ենք։ Ինձ համար հանձնվելու հարց չկար, բայց ես հասկանում էի, որ չպետք է միանձնյա որոշում կայացնեմ, քանի որ ռիսկերը չափազանց մեծ էին. թվում էր՝ հանձնվելն ամենակարճ, տրամաբանական ու բանական ուղին է, քանի որ դրանով ամեն ինչ կավարտվեր։ Ես գոհունակությամբ արձանագրեցի, որ մեր քաղաքական ուժը որոշեց, որ մենք հստակորեն պետք է կանգնենք պետականության, անկախության և ինքնիշխանության ուղու վրա։ Այդ օրվանից մենք բռնեցինք այդ ճանապարհը, որի ընթացքում ստացանք լուրջ հարվածներ ու կրեցինք ծանր կորուստներ։ Մենք այդ ճանապարհը ոչ միայն անցնում ենք, այլև ժողովրդի աջակցությամբ արդեն տեղ ենք հասել», - վստահեցրել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ 2021-2022 թվականներին հայտարարել էր, որ եթե իշխանություններին հաջողվի 1-2 տարի պահպանել պետությունն ու անկախությունը, ապա Հայաստանի համար տասնյակ և հարյուրավոր տարիների հեռանկար կբացվի։ Եվ, նրա հավաստմամբ, այսօր Հայաստանի առջև բացվել է այդ հեռանկարը, իսկ իշխանություններն այժմ ցանկանում են որդեգրել հազարամյա հեռանկարի տրամաբանությունը։ Գործող վարչապետի մեկնաբանությամբ՝ եթե իշխանության ուշադրության կենտրոնում չլինեին Հայաստանի անկախության, պետականության և ինքնիշխանության հարցերը, ապա այսօր Հայաստանը՝ որպես պետություն, դե-ֆակտո կորսված կլիներ։
«եթե մենք ուզում ենք լինել պետություն, պետք է սովորենք մեր միջավայրում առանց արտաքին օգնության պարել։ Արտաքին միջամտությունները մեզ թույլ չեն տալու խաղաղ ապրել։ Նախկինում Ադրբեջանի և Թուրքիայի հետ խոսելու համար մենք երրորդ երկրների միջոցով խաբար էինք ուղարկում, երրորդ երկրի միջոցով պատասխան ստանում։ Ընդ որում, միշտ չէ, որ այդ երկրները նույնն էին, այդ երկրները տարբեր էին։ Բայց հետո մենք հասկացանք մի ընդհանուր բան, որ սովորաբար ո՛չ մեր ուղարկած խաբարն է ճիշտ հասնում, ո՛չ էլ մեզ ուղարկված պատասխանն է ճիշտ հասնում։ Ընդ որում, միշտ չէ, որ չարամտորեն այդպես են արել, որովհետև կան նրբություններ, կա տարածաշրջանային մենթալիտետ, որը մարդիկ չեն հասկացել», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային ողջ ընթացքում միջնորդները այնպիսի առաջարկներ են դրել սեղանին, որոնք անհնարին էին դարձնում հարցի լուծումը. նրանք օգտագործել են բառեր, որոնք, ըստ վարչապետի, կարող էին ունենալ 65 տարբեր մեկնաբանություն։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ նախկին իշխանությունները դա նույնիսկ չեն էլ գիտակցել։ «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը (Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները – խմբ․) սարսափով եմ արձանագրում, որ այդ մարդիկ չեն էլ հասկացել, թե ինչ են խոսում, ինչի հետ են խոսում, ինչի հետ են գործ ունեցել», - եզրափակել է նա։











