Ես օրինական աշխատում եմ և հարկեր եմ վճարում, սակայն պետական մարմինների ներկայացուցիչները դա անվանել են ապօրինի գործունեություն, ամբողջ ապրանքն առգրավել են, իսկ վճարված հարկերի գումարը չեն վերադարձրել։ Այս մասին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, մայիսի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտարարել է փողոցում առևտրով զբաղվող մի քաղաքացի։

Նա հավելել է, որ դատի է տվել պետական մարմիններին, սակայն դատական ակտը չի կատարվում։ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել օրվա ընթացքում ներկայացնել դատական ակտը՝ զարմանք հայտնելով, որ դատարանի որոշումը չի կատարվում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շուկայի համար տարածք հատկացնել, բայց դրանից հետո որևէ մեկին չպետք է թույլատրվի փողոցային առևտրով զբաղվել։

Առևտրականն էլ, իր հերթին, իշխանություններին կոչ է արել վերադարձնել քաղաքի շուկայի հին տարածքը կամ մեկ այլ հարմար վայր տրամադրել։

Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ի պատասխան նշել է, որ զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագրով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նշված տարածքում շուկա է կառուցում, որը հետագայում տրամադրվելու է առևտրականներին։ Տղամարդն արձագանքել է, որ «Թումոն» այդ շուկան առևտրականներին չի տա, և Փաշինյանին կոչ է արել այդ տարածքը վերադարձնել ժողովրդին։ «Իսկ «Թումոն» թող մեկ ուրիշ տեղ կառուցի, քանի որ դրա համար փող ունի»,- նշել է առևտրականը։

Փաշինյանն արձագանքել է, որ «Թումոն» կարևոր առաքելություն է իրականացնում, քանի որ կրթություն է տալիս երեխաներին՝ կոչ անելով կենտրոնի մասին բացասական երանգով չխոսել։ Այդուհանդերձ, նա համաձայնել է, որ շուկայի տարածքը պետք է հարմար լինի և՛ վաճառողների, և՛ գնորդների համար։

Առևտրականն էլ հայտնել է, որ իշխանափոխությունից ի վեր՝ արդեն ութ տարի է, փորձում է հասնել դրան, սակայն ոչինչ չի փոխվում։