Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Վայոց ձորի մարզն անվտանգային լրջագույն խնդիրների առաջ է կանգնել։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հիշեցրել է 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց այս նույն դահլիճում կայացած հանդիպումը. «5 տարի առաջ մենք ասում էինք՝ նա, ով երկրին պատերազմ ու մահ է բերել, գնում է Արցախը հանձնելու ճանապարհով, և եթե նա վերընտրվի, Վայոց ձորը խնդիրներ է ունենալու։ Շատերը չհավատացին։ Մարզի բնակիչների մոտ 60 տոկոսն իր ձայնը տվեց «ՔՊ»-ին։ Արդյունքում այսօր Արցախը հայաթափված է, իսկ ադրբեջանական զորքերը՝ Ջերմուկի մատույցներում»։

«Եթե նրանք մնան իշխանության ղեկին, մի երկու տարուց մենք այս ճանապարհով չենք կարողանա Վայք գալ։ Եթե 5-6 տարի առաջ ձեզ ասեին, թե ինչպիսին է լինելու այսօրվա իրականությունը, չէիք հավատա։ Բայց այսօր սա մեր դառը իրականությունն է։ Եթե նրանք վերընտրվեն, հանձնելու են Տիգրանաշենը։ Սա չափազանցություն չէ»,- հայտարարել է պատգամավորը՝ քաղաքացիներին առաջարկելով առիթի դեպքում Փաշինյանից ուղղակի պատասխան պահանջել, թե ինչ է պատրաստվում անել Տիգրանաշենի հետ։

«Ուշադի՛ր եղեք, որ նա ձեզ իր դատարկաբանությամբ չշփոթեցնի։ Պահանջե՛ք, որ նա խոստանա ուղիղ եթերում ինքնասպան լինել, եթե կփորձի հանձնել Տիգրանաշենը։ Նա դա չի ասի։ Փոխարենը կասի, որ ժողովուրդն է մեղավոր։ Վայոց ձորի անվտանգության խնդիրները ողջ երկրի խնդիրներն են. Վայոց ձորն ու Սյունիքը կհայտնվեն կտրված վիճակում»,- արձանագրել է պատգամավորը։