Այսօր տեղի ունեցողը Ռուսաստանի և Հայաստանի միջև հայտարարությունների «բախում» չէ, այլ Հայաստանի որդեգրած կոնկրետ քաղաքական գծի հանդեպ Ռուսաստանի ձևավորած քաղաքականության դրսևորումը։ Այս մասին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն ասել է երկրի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը թշնամական հարաբերությունների մեջ է Եվրամիության հետ, իսկ Հայաստանն այս ֆոնին որոշել է մերձենալ ԵՄ-ին՝ ընդունելով «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքը։ Ըստ նրա՝ հենց սա էլ հարուցել է Մոսկվայի մտահոգությունը։ «Բացի այդ, մի՞թե Ռուսաստանը պետք է նորմալ ընդուներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերն ու Երևանում նրա հայտարարությունները։ Դու թշնամական քայլեր ես անում, հետո ասում ես՝ ամեն ինչ լավ է, սա աշխարհաքաղաքական «կրուտիտ» է, բայց աշխարհաքաղաքական հարցերում դա չի անցնում», - ընդգծել է Քոչարյանը։
Նա նշել է, որ սրանք Հայաստանի իշխանությունների կողմից անպատասխանատու քայլեր են, որոնք Ռուսաստանում ընկալվում են որպես անարգանք իրենց հասցեին։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը հիշեցրել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե ինքը մեծ ազդեցություն ունի ԵԱՏՄ-ում։ «Այդ ո՞ր ազդեցության մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք ԵԱՏՄ առանցքային երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բելառուսի հետ ընդհանրապես չեք շփվում, դեսպանին հետ եք կանչել։ Ղրղզստանի հետ վերջին տարիներին պետությունների ղեկավարների մակարդակով փոխադարձ պաշտոնական այցեր չեն եղել։ Որոշակի հարաբերություններ կան Ղազախստանի հետ։ Ինչո՞ւմ է արտահայտվում այդ ազդեցությունը», - հարցադրում է արել նախկին նախագահը։
Նրա կարծիքով՝ կան այնպիսի կշիռ ունեցող պետություններ, որոնք կարող են մի կողմ դնել բոլոր պայմանավորվածությունները և առաջնորդվել բացառապես սեփական ազգային շահերով։ «Այդպիսի երկրների թվին է պատկանում նաև Ռուսաստանը։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները ինչ-որ տեղ չեն հասկացել այս սկզբունքը և փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը», - եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։











