Մեզ անընդհատ փորձում են վախեցնել, որ գլուխներդ հանկարծ չանեք, որովհետև էս կլինի, էն կլինի. թեմաներից մեկը, որով մեզ վախեցնում են 300000 ադրբեջանցիների վերադարձի թեման է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, Կոտայքի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միլիոններ են ծախսում։ Երեկ գնացել եմ տուն քարոզարշավից հետո, ասեցի՝ մի հատ թեյ խմեմ, միացրել եմ YouTube-ով մի բան նայեմ, մեկ էլ տեսնեմ ինչ-որ ռոլիկ է, ինչ-որ մի կին երկու երեխայի հետ գնում է, մտնում է մանկապարտեզ, ասում է երեխեքին բերել եմ մանկապարտեզ։ Տնօրենն էլ ասում է՝ գիտեք ինչ, Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չենք կարող ընդունել։ Ասենք մարդ պիտի խելագար լինի, մենակ խելագարը կարա այդպես հոլովակ նկարի, մի հատ էլ հետևից միլիոններ ծախսի, որ դա գնա եթեր։ Էս ի՞նչ թեմա է, այդ ի՞նչ 300 000 ադրբեջանցի է։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մենք 2024 թվին այդ թեման անվերադարձ փակել ենք։ Բայց գիտե՞ք՝ ինչով ենք փակել, շատ դժվար և ծանր որոշումներ կայացնելով, մենք փակել ենք 500 000 հայերի Ադրբեջան վերադառնալու թեման։

Մենք հասկացանք, որ եթե մենք ասենք 500 000-ը վերադառնան, նրանք են ասելու 300000-ը վերադառնան, և այս թեման պետք է փակել։ Բայց որպեսզի 300000 ադրբեջանցու թեման փակենք անվերադարձ, մենք պետք է 500000 հայի վերադարձի թեման էլ փակենք, որովհետև եթե մեկը բացում ես, մյուսն էլ է բացվում։ Եթե մեկը փակում ես, մյուսն էլ է փակվում»,–ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ 2024 թվին ռազմավարական գործարք են առաջարկել, և այդ գործարքի տրամաբանությամբ առաջնորդվելով, փակել են անվերադարձ այդ թեման։

«Ինչի՞ է պատերազմի եռագլուխ կուսակցությունը միլիոններ ծախսում այդ թեման բացելու համար, որովհետև երբ որ այդ թեման թվում է, թե Հայաստանը պաշտպանելու համար են անում, իրականում նրանք Հայաստանը խոցելի դարձնելու համար են անում, որովհետև փախստականների թեմա վերադարձը և մեր կողմից, և Ադրբեջանի կողմից հետապնդելը, դա նշանակում է կոնֆլիկտի վերադարձ։

Այդ թեման բացելու փորձերը պետք է տեղում կասեցվեն, և հետևաբար այն ուժը, որ հիմա այդ թեման առաջ է մղում՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով, դրանով գովազդում է ադրբեջանցիների վերադարձի թեման։ Այդ ուժը օրակարգ է դարձնում այդ թեման։ Մենք ասում ենք՝ այդ հարցը օրակարգից հանել ենք և թույլ չենք տալու այդ հարցը վերադարձնել օրակարգ»,–ընդգծեց Փաշինյանը։