«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային զինծառայությունից պայմանագրայինի անցած զինծառայողները նոր պայմանագիր կնքելուց հետո կկարողանան կրկնակի պարգևատրում ստանալ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության մայիսի 27-ի նիստում։
Նման հնարավորություն նախկինում նախատեսված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով։ Այժմ, սակայն, այն ամրագրվել է կառավարության առանձին որոշմամբ։
Գործող ծրագրով՝ 6 ամիս ծառայած ժամկետային զինծառայողն իրավունք ունի 5 տարի ժամկետով պայմանագիր կնքել, որի լրանալուց հետո կստանա 5 միլիոն դրամի (մոտ 13,5 հազար) չափով պատվովճար։ Եվ սա՝ ծառայության տարիների ընթացքում ստացած դրամական աշխատավարձից զատ։
Բացի այդ, նոր որոշմամբ պայմանագրային ծառայության անցնելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ ծառայության ժամկետը 6 ամսից կկրճատվի՝ դառնալով 4 ամիս։ Կրկնակի պայմանագիրը հնարավոր կլինի կնքել ոչ միայն 5 տարով, այլև 2 տարի ժամկետով՝ 1,5 միլիոն դրամ (չորս հազար դոլարից մի փոքր ավելի) պատվովճարով։
Կրկնակի վճարումների ֆինանսավորման անհրաժեշտությունը կառաջանա ոչ շուտ, քան 2030 թվականին։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով առաջին 5-ամյա պայմանագրերը կնքվել են դեռևս 2023 թվականի փետրվարին։ Դրանց ժամկետը կլրանա 2028 թվականին, իսկ նոր պայմանագրերը, այդ թվում՝ 2-ամյաները, կավարտվեն ոչ շուտ, քան 2030 թվականին։
Նախագիծը ներկայացնելիս պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվն արդեն հասել է շուրջ 6 հազարի։











