Տարիներ առաջ իրենք (նկատի ունի նախկին իշխանություններին–խմբ) կարային մարդկանց ճակատագրեր որոշել, որոշենլ՝ ով բիզնես անի, ով չանի, ով ավտո քշի, ով չքշի, ով ինչ ավտո քշի, ով ինչ կարա ասի, ով ինչ չի կարա ասի, երբեմն ով կարա ապրի, ով չի կարա ապրի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27–ին, Կոտայքի մարզում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք մարդկանց ճակատագրեր էին որոշում, բայց էսօր խեղճացել, դառել են կուռկուռի ձագ, որովհետև էսօր ոչ թե իրանք են ձեր ճակատագիրը որոշում, այլ դուք եք որոշում իրանց ճակատագիրը։ Մեր դատաիրավական համակարգը, որի մեջ ցավոք մինչև այսօր մենք մինչև վերջ չենք կարողացել բարենորոգել, այդ թվում այն պատճառով, որ սահմանադրական համակարգերը մաֆիայի համար են գրված եղել։ Ութ տարի մենք մաֆիայի դեմ պայքարում ենք, 2018 թվականի մայիսի 9-ից ես ամենօրյա պայքար եմ տանում մաֆիայի բազմագլուխ մաֆիայի հետ։ Եվ այդ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք, հասել այս կետին, որ մնացել է նրանց վերջին երեք գլուխները, և այդ վերջին երեք գլուխները, եթե դուք այդ մանդատը տաք ինձ, ես ձեզ խոստանում եմ ամենավճռական և արմատական կերպով արմատախիլ անել։ Այդ երեք մաֆիոզները պետք է նստեն բանտում, ոչ միայն որպես մարդասպան, ոչ միայն որպես հոսանքի գող, ոչ միայն որպես Հայաստանի ունեցվածքը թալանած, այլև որպես լրտեսներ, նրանք տասնամյակ պետք է անցկացնեն Հայաստանի բանտերում։ Տվեք ինձ այդ մանդատը և ես շատ արագ ձեր անունից կիրագործեմ այդ ամեն ինչը»,– ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ 2025–ը առաջին տարին է, որ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվից. «Արտագաղթը դադարել է, ներգաղթ է, Մենք ամեն օրվա հետ դառնում ենք ավելի պետություն, դառնում ենք ավելի անկախ, մենք դառնում ենք ավելի զարգացած։

Հայաստանի բոլոր ղեկավարները երկիրը դրել են մի վիճակի մեջ, որ Հայաստանը չունենա այլընտրանք, ժողովուրդը չունենա այլընտրանք։ Այսօր մեր գործունեության, իմ գործունեության արդյունքում Հայաստանի ժողովուրդը ունի այլընտրանք և ունենալու է այլընտրանք ամեն հարցում։ Ճանապարհի հարցում, արտաքին հարաբերությունների հարցում ունենալու եք այլընտրանքներ, իսկ չունենալ այլընտրանք նշանակում է լինել թակարդում։ Որովհետև եթե դու միայն մի տարբերակ ունես, ուրեմն դու թակարդում ես, դու գնալու տեղ չունես, մենք մեր ժողովրդի և պետության համար բացել ենք նոր ճանապարհներ, նոր տարբերակներ, նոր հնարավորություններ»։

Փաշինյանը նկատեց, որ սա դուր չի գալիս «որոշ գործընկերների». «Ընդհուպ Բելառուսի նախագահը հրապարակային հայտարարում է, թե հայերը ո՞ւմ են պետք։ Բա դուք այդ հայտարարությանը որևէ կերպ արձագանքե՞լ եք։ Չեն արձագանքել, որովհետև իրենք էլ են համարում, որ հայերը ոչ մեկի պետք չեն, Հայաստանը ոչ մեկի։ Իրենց լռությունը համաձայնության նշան է։

Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Դա ես չեմ որոշելու, դա հզորն է որոշելու, հզորը Հայաստանի քաղաքացին է։ Դա դուք եք որոշելու։ Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ և դուք ունեք այլընտրանքներ։

Մեր այն գործընկերները, որոնք սրանց սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրենք իրանց դեմ են գործում։ Իրենք ընդհակառակը, պիտի առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին, ասեն՝ այ մենք այս լավ բանը կանենք, այս լավ բանը կանենք, իրենք հակառակն են ասում՝ մենք այս վատ բանը կանենք, այս վատ բանը կանենք։ Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ ասենք, թանկ գնով։ Որովհետև թանկ գնով սպառնալիքին կա պատասխան, մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»,– ընդգծեց Փաշինյանը։

Նա հայտարարեց նաև, որ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ. «Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր։ Մենք այլևս էն կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք։ Մենք այսօր մի պետություն ենք, որը ի վիճակի է ինքը կառուցել իր բարեկեցությունը։ Մենք այսօր այն երկիրն ենք, որ ռազմարդյունաբերական համալիր ունենք և զարգացած երկրներին զենք ենք վաճառում։

Մենք այն երկիրը չենք, որ զորահանդես է անում իրար կպցրած կոնսերվի կոկոշներով, վաղը եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք ինչ պետություն է Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մենք չենք պատրաստվում պատերազմի, պատրաստվում ենք խաղաղության»։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ միջանցքի թեման իրեն հաջողվել է մեկընդմիշտ փակել, իսկ ընդդիմությունն անընդհատ փորձում է այն բացել. «Իրենք իր խոսույթով էդ թելն է թելում»։