2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, իշխանափոխություն թե իշխանության փոխանցում՝ գնահատականները տարբեր են։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Եղեգնաձորի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը։
«Պացիենտը (նկատի ունի Փաշինյանին - խմբ.) այսօր ասաց, որ պետք է մանդատ ստանա, որպեսզի նստեցնի ընդդիմությանը և երկար պահի բանտում։ Արդեն նստել ենք, չենք փախել և պատրաստ ենք պայքարի։ Մենք ասում ենք՝ տվեք մեզ մանդատ, որպեսզի կառուցենք երկիրը, ապահովենք երկրի անվտանգությունը, ժողովրդի բարեկեցությունը, ինքնության պաշտպանությունը, վերականգնենք արժանապատվությունը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Քոչարյանը նշել է, որ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն, կամ իշխանափոխություն, կամ իշխանության փոխանցում. կատարվածի վերաբերյալ կան տարբեր գնահատականներ ու ընկալումներ, բայց դա տեղի ունեցավ, որովհետև մեր ժողովուրդը հոգնել էր այն իրավիճակից, երբ կային արտոնյալ մարդիկ և տեղական ֆեոդալներ։ Հիմա այդ ֆեոդալները կամ նրանց մեծ մասը ճամբարափոխ են եղել և դարձել ֆեոդալներ այս իշխանության օրոք, իսկ ֆեոդալների ղեկավարը՝ Փաշինյանը, բռնում և նստեցնում է նրանց, ովքեր ճամբարափոխ չեն եղել։
Քոչարյանը նկատել է, որ Վայոց ձորի մարզում էլ կա ճամբարափոխ լինելու նման մի սիրահար, հիմա նա արդեն ֆեոդալ չէ, այլ իշխանության լծակներ է ստացել։ «Դուք չե՞ք հոգնել։ Հունիսի 7-ին կարող եք ամեն ինչ փոխել։ Ալիևի տուզիկը չպետք է լինի Հայաստանի վարչապետ»,- ընդգծել է նա։
Քոչարյանը Եղեգնաձորի բնակիչների հետ խոսել է նաև մարզի խնդիրների, հայ-ռուսական հարաբերությունների և Արցախի ժողովրդի անվտանգ վերադառնալու իրավունքի մասին։











