Նիկոլ Փաշինյանի օգտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ. որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան ավելի ակնհայտ է դառնում արտաքին միջամտությունը։
«Ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք ոչ թե աշխարհաքաղաքական ճամբար ենք ընտրում, այլ մեր ապագան, և դա որոշելու է ժողովուրդը։ Երբ մեր ապագան ուրիշներն են որոշում, մենք խաղալիք ենք դառնում օտարի ձեռքում։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր նախնիները չկորցրին ամենակարևորը՝ իրենց արժանապատվությունն ու հայրենիքում ազատ ապրելու ձգտումը։ Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանք։ Ինչպես և 100 տարի առաջ, այսօր էլ ամենակարևոր հարցն այն է՝ կկարողանա՞նք պահպանել մեր պետականությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը»,— նշել է Այվազյանը։
Նա հավելել է, որ փորձը ցույց է տվել, որ ամենածանր ճգնաժամերն անգամ չեն կոտրել հայ ժողովրդի կամքը։
«Մենք հաղթահարել ենք Ցեղասպանության հետևանքները, կհաղթահարենք նաև այսօրվա լուրջ մարտահրավերները։ Մենք տեսնում ենք, որ ժողովուրդը հոգնել է անորոշությունից ու վախից, և մենք պետք է վերականգնենք պետության հանդեպ վստահությունը։ Պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որից չեն հեռանում, այլ ուր վերադառնում են, որտեղ երիտասարդությունը տեսնում է իր ապագան, և որտեղ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ զգում են, որ պետությունն իրենց հարգում է։
Ամենակարևորը՝ մենք պետք է ապահովենք ժողովրդի միասնությունը, որը 100 տարի առաջ դարձավ անկախության համար մղված պայքարում մեր հաղթանակի գրավականը։ Այն ժամանակ հասարակությունը բաժանված չէր «սևերի» և «սպիտակների»։ Հենց դա էր հաջողության գաղտնիքը։ 1918 թվականի մայիսի 28-ի ամենագլխավոր դասն այն գիտակցումն էր, որ մենք ամեն օր պետք է պաշտպանենք մեր պետականությունը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժողովրդին կվերադարձնի վստահությունը, արժանապատվությունը, միասնությունն ու բարգավաճ ապագան։
Ամենագլխավոր խնդիրը իրական խաղաղություն ապահովելն ու կայուն ու երկարատև խաղաղության նախադրյալներ ստեղծելն է։ Խաղաղությունը չի կառուցվում հայտարարությունների ու բարի կամքի վրա, այն կառուցվում է ուժի, վստահության, միասնության և համակարգված աշխատանքի հիմքով։ Հունիսի 7-ից հետո մենք պատրաստ ենք ստեղծել այդ երկարատև խաղաղության հիմքերը»,— ընդգծել է Այվազյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Առաջին Հանրապետության օրը։ 1918 թվականի այս օրը վերականգնվել է դարեր շարունակ ընդհատված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում հայկական կանոնավոր զորքերին ու կամավորներին հաջողվե ճակատագրական հաղթանակներ տանել թուրք զավթիչների դեմ՝ կանգնեցնելով նրանց առաջխաղացումն ու Հայաստանն ամբողջությամբ նվաճելու ձգտումը։











