Վերջին տարիներին Հայաստանը թուլացել է, այն թուլացրել են ներսից։ Սարդարապատում՝ Հանրապետության օրվա կապակցությամբ այդ մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Շնորհավորելով տոնի առթիվ՝ Քոչարյանը նշեց, որ Սարդարապատի ճակատամարտի 108-րդ տարեդարձը ոչ միայն հերոսական էջ է, այլև հիշեցում այն մասին, թե ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգված է պետականությունը։ 108 տարի առաջ նա կանգնած էր ընտրության առաջ և ընտրեց պայքարը, պետությունը։
«Այսօր իրավիճակն այլ է, սակայն սպառնալիքը նույնքան իրական է։ Վերջին տարիներին Հայաստանը թուլացել է, Հայաստանը թուլացրել են ներսից։ Այն պառակտված է, հոգնած ատելությունից, անպատասխանատվությունից, մարդիկ հոգնել են քաոսից և պարտություններից։ Մենք բոլորս հոգնել ենք։ Սակայն կա մի ճշմարտություն՝ պետությունը ինքնին չի պահպանվի։ Այն պահպանում են մարդիկ՝ իրենց կամքով, պատասխանատվությամբ, որոշումներով»,- ընդգծեց Քոչարյանը։
Նա հիշեցրեց՝ հունիսի 7-ը սովորական ընտրություններ չեն, դա ընտրություն է այն մասին, թե արդյոք կկարողանա՞նք պահպանել պետականությունը, թե՞ թույլ կտանք վերջնականապես կործանել այն։
«Ոչ ոք ձեզանից զոհաբերություններ չի պահանջում, ինչպես 108 տարի առաջ։ Ընդամենը սթափ որոշում։ Մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ՝ ինչպիսի՞ երկրում ենք ուզում ապրել և ի՞նչ երկիր ենք թողնելու երեխաներին։ Ուժեղ, հայկական, ինքնիշխա՞ն, թե՞ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։
Մեր ժողովուրդը 108 տարի առաջ ապացուցեց, որ կարող է պահպանել և փրկել պետականությունը։ Վստահ եմ՝ կկարողանա նաև հիմա»,- ընդգծեց Քոչարյանը։











