«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այսօր՝ մայիսի 29–ին, ԿԸՀ–ում ներկայացրեց իրենց կուսակցության բողոքն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոնանիսյանի, որով պահանջում է հավատարմագրումից զրկել նրա ղեկավարած ՀԿ–ին։
Մարուքյանը, մասնավորապես, նշեց, որ երբ Դանիել Իոաննիսյանը իր գրառումը կատարել է, և տեսաուղերձով հանդես է եկել, ինքը խոսել է Իոաննիսյանի հետ և ասել, որ «эхо Ковказа» սունկ կայքով հրապարակված նյութի հիման վրա իր մասին երկու անգամ իր էջում անդրադարձ է կատարել. «Ես ասել եմ՝ հետևությունս այն է, որ նպատակային հակաքարոզչություն ես իրականացրել ու ակնկալում եմ՝ մինչև հունիսի 7–ը հրապարակային ասի, որ սունկ կայք էր այդ նյութի տարածումը և ամբողջությամբ չհաստատված, որով թիրախավորել է քաղաքական ուժի ղեկավարին և ասում եմ, որ լավ կլինի, որ ինքը հայտարարի, որ ցավում է տեղի ունեցածի համար, հայցում է հանրության ներողամտությունը և փորձի դրանով իր արարքը մեղմել։ Այսինքն ես նախքան ԿԸՀ դիմելը ջանքեր եմ գործադրել, որ էս մարդը տեղի ունեցածը շտկի։ Ինքն արձագանքել է, չի ընդունել, որ սխալ է՝ ասելով, որ սունկ կայքը դեռ չի նշանակում, որ սուտ է։ Ընդ որում, Factor.am–ը արել է հետաքննություն, պարզել է, որ ադրբեջանցի է նյութի պատրաստողը։
Ես գնահատում եմ, որ իր գործողություններն ամբողջությամբ միտված են մեր ընտրական հնարավորությունները սահմանափակելու, այսինքն թիրախավորում է ընտրություններին մասնակցող ուժին՝ հանդես գալով որպես անկախ դիտող։ Եվ սա այն դեպքում, որ դիտորդը իրավունք չունի քարոզչություն կամ հակաքարոզչություն անել։
Կոնկրետ Դանիել Իոանիսյանը իմ կարծիքով՝ թիրախավորելով մեզ կամ ավելի լավ պայմաններ է ստեղծում մեր հետ մրցակցող ընդիմադիր ուժերի համար, կամ աջակցում է դրանով իշխող ուժին։ Մենք ակնկալում ենք ԿԸՀ–ի միջամտությունը, որ այս խնդիրը կարգավորվի»մ–ասաց Մարուքյանը։
Նա հավելեց, որ այս փուլում այլևս համաձայն չէ, որ Իոաննիսյանը ներողություն խնդրի ու հարցը հարթվի, այլ պահանջում է, որ հավատարմագրումից զրկվեն Իոաննիսյանն ու նրա ղեկավարած ԻՔՄ–ն։
«Մենք էլեկտրոնալ հարված ենք ստացել նեգատիվ հակաքարոզչության արդյունքում։ Այս վնասը շատ դժվար է լինելու հարթել։ Մենք մեր դիմումը ներկայացրել ենք»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստանը» օրերս դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից։ Կուսակցության պնդմամբ՝ Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ՝ խախտելով քաղաքական չեզոքության պահանջը։
«Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։
Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները։ Խախտվել են ինչպես համապատասխան վարքագծի կանոնները, այնպես էլ քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը։
Այսպիսով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից»,- ասված է ԼՀԿ հաղորդագրությունում։











