Մեր նկատմամբ տեղի է ունեցել անարդարություն, և լավ կլիներ դա ընդունել, անցնել առաջ, բայց չեն ընդունում։ Այս մասին այսօր՝ մայիսի 29–ին, ԿԸՀ–ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Անկախ դիտորդ» առաքելության կազմում ընդգրկված ԻՔՄ ղեկավար Դանիել Իոաննիսյանին։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» օրերս դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից։ Կուսակցության պնդմամբ՝ Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ՝ խախտելով քաղաքական չեզոքության պահանջը։

«Անկախ դիտորդ» առաքելությունը ներկայացնող Արթուր Սաքունցը նշեց, որ բողոքը պետք է ուղղված լիներ առաքելության դեմ, ոչ թե «Իրազեկ քաղաքացիների միավորման» կամ առավել ևս Դանիել Իոաննիսյանի դեմ։ Նա նաև նկատեց, որ Դանիել Իոաննիսյանը ընդամենը տարածել է այլ աղբյուրի տեղեկատվությունը և եթե պետք է պարզել այդ լուրի իսկությունը, ապա հասցեատերը սկզբաղբյուր կայքն է, ոչ թե լուրը տարածողը։

Էդմոն Մարուքյանն իր հերթին ասաց. «Դանիել Իոաննիսյանը, ըստ էության, իր գրառմամբ անհարգալից թիրախավորել է ինձ։ Հետո Factor TV–ն բացահայտել է, որ ադրբեջանցի է նյութը պատրաստողը։ Հիմա պարոն Սաքունցը ուզում է, ու՞մ գնանք դատի տանք, ուզում է գնանք Ադրբեջա՞ն։ Ու՞ր ես մեզ ուղղորդում, ասում ես՝ գնացեք աղբյուրի հետևից։ Աղբյուրը Ադրբեջանն է, գնաք Ադրբեջանին դատի տա՞նք։

Ադրբեջանի մամուլում բազմաթիվ նյութեր կան իմ մասին, այսինքն իրենք պիտի  այդ նյութերը տիրարժավորեն ամեն օր, հետո ասեն՝ մենք կապ չունենք, գնացեք Բաքու»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստանը» օրերս դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից։ Կուսակցության պնդմամբ՝ Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ՝ խախտելով քաղաքական չեզոքության պահանջը։

«Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։

Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները։ Խախտվել են ինչպես համապատասխան վարքագծի կանոնները, այնպես էլ քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը։

Այսպիսով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից»,- ասված է ԼՀԿ հաղորդագրությունում։