Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության հարցում գլխավոր առաջնահերթությունը պետք է մնան ժողովրդի շահերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ նման մակարդակի որոշումները պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով երկրի տնտեսական շահերն ու բնակչության բարեկեցությունը։
«Նման որոշումներ ընդունող ուժը պետք է մտածի ժողովրդի շահերի և երկրի տնտեսության մասին»,- նշել է նա։
Ծառուկյանն ընդգծել է հնարավոր հետևանքների համակողմանի գնահատման անհրաժեշտությունը և հավելել, որ նոր շուկաներ բացելիս կարևոր է հասկանալ՝ արդյոք երկիրը միաժամանակ չի կորցնի եղած տնտեսական հնարավորությունները։
«Պետք է կարողանալ ճիշտ ընտրություն կատարել, ժողովրդին փակուղի չտանել»,- ասել է նա՝ հավելելով, որ անթույլատրելի են այնպիսի որոշումները, որոնց պատճառով երկիրը կորցնում է այն, ինչ արդեն ունի, իսկ բնակչությունը՝ ստեղծված ծանր իրավիճակի հետևանքով, ստիպված է լինում զանգվածաբար լքել պետությունը։
Մեկնաբանելով սպասվող ընտրական գործընթացների արտաքին քաղաքական համատեքստը՝ Ծառուկյանն անդրադարձել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին աջակցության հարցին, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս կատարած հրապարակմանը։ Նա նման գործողություններն անվանել է միջամտություն Հայաստանի ներքին գործերին՝ միևնույն ժամանակ հեգնանքով նշելով. «Դե իրենք ամեն ինչի իրավունք ունեն՝ միջամտելու, կառուցելու, նվիրելու»։
Պատասխանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հնարավոր աջակցության մասին լրագրողների հարցին՝ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է.
«Ես շատ սպասելիքներ ունեմ։ Ժամանակը կգա, և դուք ինքներդ կհամոզվեք, որ կարևորը ոչ թե խոսքերն են, այլ գործերը»,- ընդգծել է նա։











