Ներկայիս արտաքին քաղաքական կուրսի շարունակությունը կհանգեցնի Հայաստանի դուրս գալուն ԵԱՏՄ-ից, ինչը երկրի համար հղի է ամենածանր սոցիալ-տնտեսական հետևանքներով։ Այս մասին այսօր Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված «Դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Աջակիցների առջև ելույթի ժամանակ Սաղաթելյանը նշել է, որ ներկայիս իշխող թիմի կողմից իշխանության պահպանումը և արտաքին քաղաքական կուրսի շարունակությունը անխուսափելիորեն կհանգեցնեն ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների վատթարացման։
«Ակնհայտ է, որ այս դեպքում Հայաստանը դուրս է դրվելու ԵԱՏՄ-ից։ Սա հղի է ծանր հետևանքներով, և սրա գինը վճարելու է մեր ժողովուրդը»,- հայտարարել է նա։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հայաստանի համար գազի գինը զգալիորեն կբարձրանա, ինչի հետևանքով հայ արտադրողները կբախվեն դժվարությունների, իսկ ավանդական շուկաներում հայկական արտադրանքի իրացման ժամանակ նույնպես խնդիրներ կառաջանան։
«Մարդիկ ստիպված կլինեն գազի համար վճարել երկու-երեք անգամ ավելի, իսկ հայկական գյուղատնտեսական ապրանքների համար վերջնականապես փակվելու են առկա իրացման շուկաները»,- կարծում է Սաղաթելյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունները վերջին տարիներին տարբեր միջազգային գործընկերների հակասական ազդակներ են ուղարկել։
«Գնացել է Մոսկվա՝ մի բան է ասել, Բրյուսելում՝ մեկ ուրիշ, Վաշինգտոնում՝ երրորդը, Անկարայի և Բաքվի հետ էլ լրիվ ուրիշ բան է բանակցել։ Արդյունքում՝ եկել է պահը, որ յուրաքանչյուրը պահանջում է իրեն տրված խոստումի կատարումը»,- նշել է քաղաքական գործիչը։
Արդյունքում, կարծում է Սաղաթելյանը, Փաշինյանը «ստացել է աշխարհաքաղաքական ճողվածք» և երկիրը կանգնեցրել ծանր մարտահրավերի առջև։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ իրավիճակը հնարավոր է փոխել միայն առաջիկա ընտրությունների արդյունքներով իշխանափոխության միջոցով։











