2008 թվականին ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի չէր։ Այս թեզը, որը հնչեցրել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարը Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի ժամանակ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա հավելել է, որ Հայաստանն ու Արցախը միասին ռազմական առավելություն ունեին Ադրբեջանի նկատմամբ։
Օսկանյանը ներկայացրել է ԵԱՀԿ 2008 թվականի տվյալները, կազմված Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակում, որին միացել էին Հայաստանն ու Ադրբեջանը։
«Ըստ այդ տվյալների, Հայաստանում գրանցված էր 170 տանկ, իսկ Ադրբեջանում՝ 220։ Սա՝ առանց Արցախում տեղակայված սպառազինության հաշվառման, որտեղ էլ գտնվում էր հայկական զրահատեխնիկայի զգալի մասը։ Սպառազինության այլ տեսակների մասով ցուցանիշները գրեթե հավասար էին։
Գլխավոր տարբերությունը պաշտպանական բյուջեների չափի մեջ էր՝ հօգուտ Ադրբեջանի։ Ընդ որում՝ Հայաստանը զենքը գնում էր շատ ավելի շահավետ պայմաններով, իսկ երբեմն դրա համար ընդհանրապես չէր վճարում»,- նշել է նա։
Օսկանյանը պարզաբանել է, որ Ռոբերտ Քոչարյանը հետևում էր, որպեսզի ռազմական հավասարակշռությունը չխախտվեր, այդ թվում՝ շփման գծում դիրքային փոփոխություններ տեղի չունենային հօգուտ Ադրբեջանի։
«Դա թույլ էր տալիս վարել արդյունավետ դիվանագիտություն, հասնել առաջընթացի և հանգեցրեց նրան, որ Քոչարյանի նախագահության տարիները ամենախաղաղն էին անկախ Հայաստանի պատմության մեջ։
Եթե Քոչարյանը ևս երկու տարի ժամանակ ունենար, ապա բանակցությունները բարեհաջող կավարտվեին։ 2018-ից 2019 թվականներին Փաշինյանը նույնպես հնարավորություն ուներ հարցն այնպես լուծել, որ Արցախն ու Լաչինը մնային հայկական, և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Սակայն նա որոշեց սկսել զրոյական կետից, ինչն էլ հանգեցրեց աղետի»,- ընդգծել է Օսկանյանը։











