Այս թիմում չկան շեֆի նկարը պատին կախողներ ու Ալիևի առաջ խոնարհվողներ։ Այս մասին մայիսի 31-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Քրիստինե Վարդանյանը։

«Երևանցիներն արժանի են այլ Երևանի, դուք արժանի չեք այս քանդված ասֆալտին, դուք արժանի չեք ժամերով խցանումներում կանգնելուն, դուք արժանի չեք սեփական տանը վարձով ապրելու, քանի որ գույքահարկը ձեզանից շատերի համար աճել է 30 անգամ։

Ձեզ պետք է մատչելի գնով տրանսպորտ, հարմարավետ և էկոլոգիական Երևան։ Եվ մենք կարող ենք դա անել, քանի որ արդեն մեկ անգամ արել ենք։

Մենք միակ թիմն ենք, որ ասում է՝ տաքսու վարորդներին պետք է աշխատանքային ստաժ հաշվարկվի, և թոշակի անցնելուց հետո նրանք պետք է նաև այս աշխատանքի համար թոշակ ստանան։

Պահեստազորայինների հավաքների ծանուցումներ ստացողներին մենք ասում ենք, որ հայրենիքի պաշտպանությունը կարևոր նշանակություն ունի, բայց պետությունը չի կարող անընդհատ ձեզ գործերից կտրել, չի կարող նույն անձը երեք անգամ կանչվել հավաքների, իսկ մեկ այլ անձ՝ նույն ժամանակահատվածում ոչ մի անգամ։

Մենք ասում ենք, որ պահեստազորայինների հավաքները չեն կարող լինել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին պատժելու միջոց։ Այդպիսի բան Օսմանյան կայսրությունում էին անում հայերի դեմ։ Մենք կհրաժարվենք այդ գործելակերպից։

Բացի այդ, մենք կվերականգնենք բոլոր քաղբանտարկյալների իրավունքները և կպաշտպանենք Հայ առաքելական եկեղեցին», — նշել է Վարդանյանը։