«Սա մեզ համար պարզապես ընտրություն չէ, սա իսկապես բախտորոշ պահ է, երբ մենք պետք է գնանք տեղամասեր և ընտրություն կատարենք եկեղեցի կառուցողների և կործանողների, բարերարի և չարագործի միջև»։ Հունիսի 1-ին Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա նշել է, որ իր համար՝ որպես արաբկիրցու և տեղացի տղայի, այս լսարանի առջև կանգնելը միաժամանակ պատվաբեր է, պատասխանատու և բարդ, քանի որ այստեղի բնակիչները չափազանց պահանջկոտ են և չեն ներում սուտը։ Նրա բնորոշմամբ՝ արաբկիրցիներն արդեն իսկ ապացուցել և ակնառու կերպով ցույց են տվել գործող իշխանություններին, որ նրանց ստի պատասխանը լինելու է որակական փոփոխությունների անխուսափելի գալուստը։

Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ վերջին տարիների իրադարձությունները սուր կերպով ի ցույց դրեցին ավանդական հայկական արժեքների և հիմնարար էթիկական նորմերի, հատկապես՝ կնոջ հանդեպ հարգանքի պահպանման անհրաժեշտությունը։ «Ո՞ւմ մտքով ընդհանրապես կարող էր անցնել, որ ինչ-որ պաշտոնյա կամ իշխանության ներկայացուցիչ իրեն թույլ կտա բռնել հայ կնոջ ձեռքից ու քաշքշել նրան՝ ասելով. «դե արի այստեղ, քեզ մի բան ասեմ»։ Ինչպե՞ս է նման բանն ընդհանրապես հնարավոր»,- վրդովվել է նա։ Դաշինքի ներկայացուցիչը վստահեցրել է, որ ուժեղ Հայաստանի մասին իրենց պատկերացումներում կնոջ մեծարումը, մեծերի ու փոքրերի միջև ճիշտ փոխհարաբերությունները, ինչպես նաև վստահորեն առաջ նայելու կարողությունը կրկին դառնալու են նորմա։ Վարդևանյանը հավելել է, որ վարքագծի և հարգանքի այս տարրական կանոնները երկրում պարտադիր կերպով կվերականգնվեն դաշինքի առաջնորդի ղեկավարությամբ։

Բացի բարոյական նորմերի վերականգնումից, քաղաքական ուժն ունի հստակ ծրագրեր և հրատապ խնդիրների լուծումներ։ Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն տոնական մթնոլորտը մթագնում է ծանր իրականությամբ։ Նրա տվյալներով՝ այսօրվա Հայաստանում կա ավելի քան 30 հազար թերսնվող հայրենակից, թեև այս ողբերգությունից լիովին հնարավոր էր խուսափել։ Նա ընդգծել է, որ Նարեկ Կարապետյանն արդեն իսկ մանրամասն և քայլ առ քայլ ներկայացրել է աղքատության հաղթահարման և 300 հազար աշխատատեղերի ստեղծման ծրագիրը։ «Յուրաքանչյուր հայ և յուրաքանչյուր հայ երեխա արժանի է բարեկեցիկ և արժանապատիվ ապրելու իր Հայրենիքում»,- հայտարարել է Վարդևանյանը։ Ելույթի վերջում նա քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել թիվ երեք քվեաթերթիկի օգտին, ինչպես նաև բոլոր համակիրներին հրավիրել է դաշինքի մեծամասշտաբ հանրահավաքին, որը տեղի կունենա հունիսի 3-ին՝ գալիք հաղթանակն ամրագրելու համար։