Ընտրությունները վերահսկող միասնական շտաբի հերթական նիստի օրակարգում նախընտրական քարոզարշավի արդյունքների ամփոփումն էր, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանից ակնկալիքների քննարկումը` կապված փոփոխություններ մտցնելու եւ ընտրացուցակների հրապարակման խնդրանքի հետ: Այդ մասին ընտրությունները վերահսկող միասնական շտաբի մայիսի 4-ի նիստում  հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: 

Ըստ նրա` Սահմանադրական դատարանի դիմումի ներքո ստորագրել էին 30 պատգամավորներ` անհրաժեշտ 27-ի փոխարեն: Թեեւ «Ժառանգության» պատգամավորները չեն ստորագրել դիմումի տակ, նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր նախաձեռնությանն աջակցելու մասին:

Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հայտնել է, որ ընտրությունների օրը շտաբը շուրջօրյա է աշխատելու: «Շտաբում համացանցին եւ ընտրատեղամասերում տեղակայված տեսախցիկներին միացված էկրան է դրված, որտեղից ուղիղ եթեր է հեռարձակվելու:

Համացանցում ուղիղ հեռարձակում կլինի  լրատվական մի քանի կայքերում: Միաժամանակ մենք միասնական շտաբի կայք ենք բացել` Monitoring.politlogos.com, որտեղ կտեղադրվեն ընտրատեղամասերում խախտումների տեսագրությունները»: