Հայաստանի իշխանությունները տեսան, որ մենք ճշմարտությունն ենք ասում, և դրա համար սկսեցին բոլորին բռնել ու նստեցնել։ Այս մասին հունիսի 2-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը գլխավորում է կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նրան դիմավորել են բարձր տրամադրությամբ՝ ազգային պարերով, պատանի թմբկահարների նվագակցությամբ և «Ծառուկյան, Ծառուկյան» վանկարկումների ներքո։
Անդրադառնալով ներդրումային հնարավորություններին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ երկրում հնչում են «քանդելու, կալանավորելու, խլելու և նստեցնելու» կոչեր, որոնք չեն նպաստում հենց այդ ներդրումների ներգրավմանը։ «Մարդը օրինական ճանապարհով գործարան է ձեռք բերել, ու անցել է 25 տարի։ Նա աշխատել է, միջոցներ է ներդրել և հիմա ամսական 500 միլիոն դրամի հարկ է վճարում։ Հետո տեսան, որ մենք ինչ-որ բան ենք ասում, որը դեմ է իրենց պատկերացումներին։ Մենք ճշմարտությունն ենք ասում։ Ժողովուրդը մեզ վստահում է։ Դրա համար սկսեցին բռնել ու խլել... Բայց չէ՞ որ ես արդեն ասել եմ՝ իմ Հայրենիքը ես ոչ մի գույքի հետ չեմ փոխի»,- ընտրողների հետ հանդիպմանն ասել է «ԲՀԿ» առաջնորդը։











