Հայաստանի հանրապետական կուսակցության կողմնակիցներն այսօրվա դրությամբ փոքրամասնություն են կազմում, իսկ հասարակությունը եւ այլ քաղաքական ուժերը` ճնշող մեծամասնություն: Այդ մասին, այսօր` մայիսի 4-ին, Ընտրությունները վերահսկող միասնական շտաբի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը, ընդ որում նշելով, որ նախընտրական քարոզարշավը բացահայտել է այդ կարեւոր իրողությունը:
Օսկանյանը կարծիք է հայտնել, որ այդ մասին վկայում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքները: Ըստ նրա գնահատման` Հայաստանի հանրապետական կուսակցության այսօրվա կայանալիք հանրահավաք-համերգը ավելի շատ շոու-համերգ է, քան` հանրահավաք. «Այդ համերգին երեւի ելույթ կունենա Թաթան, հնարավոր է` ես էլ գնամ, երաժշտություն լսեմ, սակայն դա ոչինչ չի նշանակում»:

Օսկանյանը կարծում է, որ եթե երկրում արդար ընտրություններ անցկացվեն, ապա դա կարտացոլվի խորհրդարանում ուժերի բաշխման վրա, հնարավորություն կընձեռվի ձեւավորելու նոր կառավարություն, որը կարող է երկիրը դուրս բերել դժվար կացությունից: Մինչդեռ, ըստ Օսկանյանի, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական դրության համար պատասխանատու է իշխող կուսակցությունը, որը, դա գիտակցելով, խուսափել է այլ քաղաքական ուժերի հետ բանավեճերից, «քանի որ ասելու բան չի ունեցել»:
Նշենք, որ Օսկանյանի հայտարարությունից հետեւում է, որ «Բարգավաճ Հայաստանը», վերջին տարիներին լինելով իշխող կոալիցիայի անդամ եւ ունենալով նախարարական պորտֆելներ, ոչ մի պատասխանատվություն չի կրում Հայաստանում իրադրության համար:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











