Օրը ցերեկով «ՔՊ» իշխող կուսակցության անդամների մի խումբ հարձակվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, և ՔՊ-ի կողմից չկա որևէ դատապարտում. ընդհակառակը՝ Գյումրիի քաղաքապետի ինչ-որ չկայացած թեկնածու հպարտանում է, որ փողոցում մարդ են ծեծում: Հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում դրա մասին հայտարարել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ գործող իշխանությունն ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում բացահայտորեն դիմում է անօրինականությունների և ամեն կերպ խոչընդոտում ընդդիմադիր ուժերի գործունեությունը՝ փորձելով կաթվածահար անել նրանց նախընտրական շտաբների ու գրասենյակների աշխատանքն ամբողջ երկրում: Սաղաթելյանի խոսքով՝ տեղի ունեցող անօրինականությունների, ամենաթողության և ատելության մթնոլորտի համար անձնական պատասխանատվություն են կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը և ուժային կառույցները, որոնք իրենց լռությամբ, ըստ էության, խրախուսում են նման գործողությունները:

«Ուժայիններին կոչ եմ անում մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե կատարել հանցավոր հրամաններ՝ հիշեցնելով, որ հունիսի 7-ից հետո գալու է հունիսի 8-ը»:

Մեկնաբանելով հաճախակիացած խուզարկությունների, քրեական հետապնդումների դեպքերը և Արթիկում դաշինքի կողմնակցին ծեծի ենթարկելու միջադեպը՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ իշխանությունները միտումնավոր քաոս են ստեղծում և փորձում հանրությանը ներշնչել այն միտքը, թե իրենց դեմ խաղ չկա, և իրենք իշխանությունը չեն հանձնի նույնիսկ պարտության դեպքում: Նա զգուշացրել է, որ ընդդիմությունը չի տրվի սադրանքներին և խստորեն կպաշտպանի քաղաքացիների քվեները՝ հավելելով, որ ապօրինի ձերբակալություններին ու ճնշումներին մասնակից բոլոր ուժայինների անունները, մասնավորապես Արարատի մարզում, արձանագրվում են անվանական:

Սաղաթելյանը հայտնել է նաև, որ խախտումների և վարչական ռեսուրսի կիրառման բոլոր փաստերը, ներառյալ քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատումները, մանրամասնորեն փոխանցվում են եվրոպական դիտորդական առաքելություններին, իսկ դաշինքի իրավաբանական թիմը մոտ ժամանակներս այդ ապացույցները կներկայացնի մամուլի ասուլիսի ընթացքում: